McKinsey-ն Հայաստանին առաջարկում է ազատականացնել ավիացիան
23.10.2013 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://media.glassdoor.com/

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ մրցունակ եւ շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը եւ համապատասխան միջոցառումների ցանկը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հիշեցրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Ազգային մրցունակության խորհուրդը պայմանագիր էր կնքել McKinsey ընկերության հետ, որը եւ մշակել է ռազմավարությունը:
«Ըստ այս բնագավառի աշխարհի լավագույն մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է համախառն ներքին արդյունքի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, ուղեւորափոխադրումները դարձնելու է հարմարավետ եւ գները նվազելու են: Սրանք են հիմնական դրույթները, որոնք արտացոլված են այս ռազմավարության մեջ: Դեռեւս հնարավորություն ունենք եւս հինգ օր աշխատել McKinsey-ի մասնագետների հետ, որպեսզի առավելագույնս տեղայնացվի այս փաստաթուղթը եւ որպեսզի կարողանանք այն իրագործելի դարձնել: Խնդրում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ այս օրերին աշխատել էկոնոմիկայի նախարարի հետ եւ եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք կլինի՝ McKinsey-ի մասնագետները լինելու են ձեր տրամադրության տակ եւ տալու են լրացուցիչ բացատրություններ, խորհրդատվություն, թե ինչ քայլերով պետք է այս ծրագիրն իրականացնել», - ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր ասել է, որ արդյունքները տեսանելի կլինեն ոլորտի ազատականացումից 1-1,5 տարի անց: Նա նշել է, որ հաստատված ծրագրով նախատեսվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական ընկերությունների համար:
«Կառավարությունը ջանքեր է գործադրելու, որպեսզի Հայաստանում լինի ազգային ավիափոխադրող եւ փոխադրողների ոլորտ», - ասել է նախարարը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: