ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի մի շարք ձեռնարկություններ:Եղվարդի «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունում նախագահին ներկայացվել են շուրջ 19 մլն եվրո ծավալի ներդրումային ծրագրերը: Ներկայումս ընկերությունն արտադրում է 3, 5, 7 եւ 15 տարեկան կոնյակներ: Արտադրանքի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, եվրոպական երկրներ, վերջին շրջանում՝ նաեւ Ղազախստան: Ընկերությունում աշխատում է 80 մարդ՝ մոտ 180 000 դրամ միջին ամսական աշխատավարձով:Ընկերության ներկայացուցիչների խոսքով, զարգացման ծրագրերի արդյունքում, որի համար կպահանջվի շուրջ 12 մլն դոլարի ներդրում, կստեղծվի լրացուցիչ շուրջ 30 նոր աշխատատեղ:Նախագահն այցելել է Ակունք համայնքում գտնվող «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությանը պատկանող ելակի, ազնվամորու եւ մոշի տնտեսություն, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Ծրագրով իրականացվող ներդրումները ընկերությունում կազմում են շուրջ 3.5 մլն դոլար: Ընկերությունում աշխատում է 73 մարդ՝ 100-125 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Սերժ Սարգսյանը Չարենցավանում ներկա է գտնվել նաև «Ասկե գրուպ» ընկերության մետաղական ամրանների արտադրության գործարանի բացման արարողությանը: Նախագահը ծանոթացել է վերազինված արտադրամասի հնարավորություններին, իրականացված ներդրումներին: Ընկերությունն իրականացրել է պողպատի ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ, ամրանների արտադրության համար կազմակերպել նոր արտադրամաս: Պողպատի ձուլման նախկին գործարանի վերապրոֆիլավորման արդյունքում «Ասկե գրուպ» ընկերությունն ավելացրել է աշխատատեղերի քանակը՝ հասցնելով այն 330-ի: Այսօր ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է մոտ 180 հազար դրամ: Ձուլման արտադրամասի գործարկումից հետո գործարանում կստեղծվի եւս 150 նոր աշխատատեղ:Գործարանում նախագահի ներկայությամբ ստորագրվել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրին «Ասկե գրուպ» ընկերության աջակցության վերաբերյալ փոխըմբռնման երկու հուշագիր: Tweet Դիտում՝ 2409