Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կոնյակի գործարանը ավարտում է խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Ս.թ. հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ Երեւանի կոնյակի գործարանը Արարատյան դաշտավայրում մթերել էր 33 298 տոննա խաղող: Ընկերությունը Արարատի եւ Արմավիրի մարզերից արդեն մթերել է նախատեսված ծավալի 100 տոկոսը: Այդուհանդերձ, ընդառաջելով ընկերության հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող գյուղացիներին, ովքեր չեն հասցրել ժամանակին հանձնել պայմանագրով նախատեսված ծավալը կամ ունեն սահմանված ծավալներից ավել բերք, Երեւանի կոնյակի գործարանը երկարացնում է մասնաճյուղերի աշխատանքը: Մասնավորապես, ԵԿԳ Արմավիրի (Արմավիրի մարզ) եւ Այգավանի (Արարատի մարզ) մասնաճյուղերը բաց կլինեն խաղողագործների համար մինչեւ հոկտեմբերի 4-ը ներառյալ: ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ այստեղ մթերվել է ավելի քան 3 500 տ խաղող: Տավուշի մարզում ընկերությունը նախատեսում է մթերել շուրջ 4 500 տ խաղող: Մասնաճյուղը կշարունակի խաղողի մթերման իր պլանային աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 6-ը: Երեւանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը սկսել էր սեպտեմբերի 9-ին: Այս տարի ընկերությունը նախատեսել է մթերել 35 000 տ խաղող, ինչը շուրջ 10 000 տոննայով գերազանցում է նախորդ տարի մթերված խաղողի ծավալը: Վճարումները խաղողագործներին կատարվում են երեք-չորս բանկային օրվա ընթացքում: Այս պահի դրությամբ փոխանցվել են մինչեւ հոկտեմբերի 1-ը մատակարարած բոլոր խաղողագործների գումարները` մոտ 4.5 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 4917