Հայաստանի բնակչության խոցելի խմբերին օգնելու նպատակով Հայէկոնոմբանկը առաջիկայում բարեգործական նոր VISA քարտ կթողարկի:Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում «Արտագաղթի հոգեբանությունը. Գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» թեմայով գիտաժողովի ավարտին ասել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Նալջյանը: Նա նշել է, որ բարեգործական քարտի թողարկման նպատակն է, որպեսզի բանկին ու հաճախորդներին հնարավորություն ընձեռվի միավորվել եւ դառնալ բարեգործ: Կթողարկվի VISA չիպային քարտ, որի տարեկան սպասարկման վարձը կկազմի սովորականի 50%, իսկ Հայաստանի տարածքում ցանկացած գործարքի 0.3%-ը կփոխանցվի բարեգործական նպատակներին: «Կարեւորն այն է, որ յուրաքանչյուր հաճախորդ ինքը կընտրի բարեգործության ոլորտը՝ օգնություն մանկատներին, հաշմանդամ երեխաներին, ծերանոցներին, մի խոսքով՝ խոցելի խմբերին: Բացի այդ, բարեգործական միջոցները կուղղվեն նաեւ մշակութային, բնապահպանական ծրագրերի իրականացմանը»,- նշել է Արմեն Նալջյանը:Նա նաեւ շեշտել է, որ Հայէկոնոմբանկը շարունակելու է օժանադակություն ցուցաբերել ու համագործակցել հասարակության կողմից վստահություն վայելող հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների հետ:Անդրադառնալով «Արտագաղթի հոգեբանությունը. Գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» խորագրով գիտաժողովի անցկացումը հովանավորելու պատճառներին՝ Բանկի ղեկավարը նշել է, որ «արտագաղթը մեր երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկն է»: «Հայէկոնոմբանկը, ինչպես եւ յուրաքանչյուր քաղաքացի եւ տնտեսվարող սուբյեկտ պետք է իր աջակցությունը ցուցաբերի այս հիմնախնդիրը հաղթահարելու համար: Բանկը շարունակական աջակցություն է ցուցաբերելու արտագաղթի հիմնախնդրի վերաբերյալ կազմակերպվող միջոցառումներին: Նաեւ նշեմ, որ այդ շրջանակում բազմաթիվ ծրագրեր են իրականացվելու»,- նշել է Արմեն Նալջյանը:Նա կարծիք է հայտնել, որ պետությունը պետք է լուրջ աջակցություն ցուցաբերի տվյալ ոլորտին, որովհետեւ առանց պետական աջակցության արտագաղթի հիմնախնդիրը լուծելը շատ բարդ է լինելու: «Սակայն գոյություն ունի նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, որի շրջանակում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ, նաեւ քաղաքացի, պետք է իր լուման ներդնի այս մարտահրավերին դիմակայելու համար»,- շեշտել է Հայէկոնոմբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրենը: Tweet Դիտում՝ 1978