Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսն այսօր ասել է, որ Lydian International ընկերության «Ամուլսար» նախագիծը հսկայական օգուտներ կբերի Հայաստանին: Lydian International ընկերությունը շահագործելու է Ամուլսարի ոսկու հանքը եւ Հայաստանում իրականացնելու է շուրջ $400 մլն-ի ներդրումներ: Խոսելով Հայաստանում բրիտանական ներդրումների մասին՝ դեսպանը հիշատակել է HSBC բանկային խումբն ու մի քանի դեղագործական ընկերությունները՝ նշելով, որ «ընդհանուր առմամբ, ներդրումների թվի եւ ծավալների ներկայիս մակարդակն անբավարար է»: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելի մեծ թվով բրիտանական ընկերություններ ներդրումներ իրականացնեն Հայաստանում: Lydian International ընկերությունը գլխավորում է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ մենք աշխատում ենք եւ խրախուսում ներդրումներն այստեղ: Քաջ հայտնի է, որ նրանք պատրաստվում են շահագործել Ամուլսարի ոսկու հանքը: Մենք գտնում ենք, որ այդ նախագիծը հսկայական օգուտներ կբերի Հայաստանի համար»,- ասել է բրիտանացի դիվանագետը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ: Ջոնաթան Էյվսը նշել է, որ նախագծի իրականացումը ոչ միայն կխթանի նոր աշխատատեղերի ստեղծումը եւ ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտների աճը, այլեւ ցույց կտա արեւմտյան ներդրողներին, որ միջազգային չափանիշներով գործող ընկերությունները կարող են հաջողությամբ գործունեություն ծավալել Հայաստանում: Tweet Դիտում՝ 4907