Սեպտեմբերի 25-ին Թբիլիսիի «Էքսպո-Վրաստան» ցուցահանդեսային սրահում կայացել է հայ-վրացական գործարար համաժողով, որը կազմակերպել էր ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ)։ ԱԱՊ-ի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքերով, երկու երկրների տնտեսական հարաբերությունների առյուծի բաժինն ընկնում է տրանզիտային առեւտրին։ «Եթե մեր ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը իրականացվում է Վրաստանով, ապա, ինչպես ցանկացած տրանզիտային առեւտրի դեպքում, Վրաստանի համար դա էական լրացում է պետական գանձարանին եւ հատկապես ուղղակի ազդեցության գործոն երկրի բարեկեցության վրա», - նշել է Մարտին Սարգսյանը։ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, «Հայաստանի վաճառականներ» ՀԿ նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը, «Էսկո Կոնցեռն» ընկերության նախագահ Սարգիս Աղաբեկյանը, «Բարվա» ինովացիոն կենտրոնի նախագահ Արամ Վարդանյանը վրաց գործարարներին ներկայացրեցին համագործակցության ակտիվացմանը նպաստող մի շարք գործոններ։ Իսկ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ծավալուն շնորհանդեսով ներկայացրեց Հայաստանի գործարար մթնոլորտն ու բարեփոխումների ընթացքը: Գործարար B2B ձեւաչափով մեծ հանդիպումը հրաշալի հնարավորություն էր հին կապերը աշխուժացնելու, նորերը ստեղծելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու համար, նշել են ՀՀ ԱԱՊ լրատվական ծառայությունում։ Tweet Դիտում՝ 1461