2013 թ. սեպտեմբերի 24-ի նիստում Կենտրոնական Բանկի (ԿԲ) խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 8.5%: 2013 թ. օգոստոսին արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4% գնանկման դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 9.3%: Խորհուրդը համակարծիք է, որ մոտակա ամիսներին գնաճը նվազելու է՝ մոտենալով գնաճի կանխատեսվող հետագծին: Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների եւ տնտեսական ակտիվության թուլացումը, Խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանների պահպանումը թույլ կտա հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման եւ տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը: Գնաճի աստիճանական նվազման եւ ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս պարագայում, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:Խորհուրդը գնահատեց, որ ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի թուլացմամբ՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Ի լրումն դրան, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա:Խորհուրդը համակարծիք է, որ կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում: Tweet Դիտում՝ 1300