Երեւան: Մեդիամաքս: Սբերբանկի վարչության խորհրդի նախագահի խորհրդական Ռուբեն Վարդանյանը Մախաչկալայում մասնակցել է Plug&Play Dagestan բիզնես ինկուբատորի բացմանը:Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Դագեստանը»-ը, ինկուբատորը բացվել է Դաղստանի Պետական տեխնիկական համալսարանի տարածքում:Plug&Play Dagestan-ի ստեղծման նախաձեռնողն է «Сумма» խմբի տնօրենների խորհրդի նախագահ Զիյավուդին Մագոմեդովը:Բացման խոսքում Ռուբեն Վարդանյանն ասել է, որ շատ կարեւոր է պահպանել հավասարակշռությունը ավանդույթների, անցյալի հանդեպ հարգանքի եւ գալիքի հանդեպ հավատի միջեւ:Նա պատմել է այն դժվարությունների մասին, որոնց կբախվեն սկսնակ ձեռնարկատերերը:«Վենչուրային բիզնեսը շատ բարդ բիզնես է: 10-ից 9-ն ընկերություն անհաջողություն են ունենում, սակայն պետք չէ կանգ առնել: Այս պարագայում անհաջողությունն առավելություն է համարվում, քանի որ դու վերսկսում ես աշխատել՝ հաշվի առնելով նախկին սխալներդ: Հորդորում եմ չվախենալ նմանատիպ խնդիրներից, դա փորձառություն է, որը դուք պետք է ձեռք բերեք եւ առաջ շարժվեք: Շատ կարեւոր է կիսվել գիտելիքներով եւ փորձով, ամենակարեւորը՝ ամբողջ կյանքում շարունակել սովորել: Մեծ արագությամբ ամեն ինչ փոխվում է մեր աշխարհում, մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները հնանում են դեռ շուկա չմտած: Ցանկանում եմ, որ Դաղստանում ստեղծվեն մեծ քանակությամբ հաջողակ ընկերություններ: Հաջողություն եմ ցանկանում: Մենք ձեզ հետ ենք», - ասել է Ռուբեն Վարդանյանը: Մեդիամաքս-ը նշում է, որ Զիյավուդին Մագոմեդովը Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիրն է` Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի, Դանիլ Խաչատուրովի, Նուբար Աֆեյանի, Վլադիմիր Ավետիսյանի եւ Գագիկ Ադիբեկյանի հետ միասին: Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2012 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Սիլիկոնային հովտի Plug&Play տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Հայաստանի ներկայացուցչությունը եւ հուշագիր ստորագրվեց Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին: Tweet Դիտում՝ 5816