Բնության համաշխարհային հիմնադրամը Orange Արմենիայի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության եւ Պրոմեթեյ բանկի աջակցությամբ սկսում է Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր: Ծրագրի գործողությունները ներառում են «Դիլիջան» ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծումը, նշված տեսակի 4 արու եւ 11 էգ առանձնյակների ձեռքբերումը եւ տեղափոխում Հայաստան, կենտրոնի աշխատակիցների ուսուցումը, կենդանիների խնամքը եւ բազմացումը, իսկ այնուհետեւ նրանց ազատ արձակումը բնություն եւ հետագա մոնիթորինգը:«Այս ծրագիրը աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ օրս մեր երկրում անհետացած կենդանատեսակի վերաբնակեցում չի իրականացվել», - ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:Պրոմեթեյ բանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում տարածում է ծրագրի համար նախատեսված դրամահավաքի հաղորդագրությունը` ընդգրկելով այն բանկի տարեկան հաշվետվության եւ կորպորատիվ օրացույցի մեջ:«Բանկը հատուկ կարեւորում է վայրի բնության եւ մասնավորապես վտանգված տեսակների պահպանությունը: Ծրագրին աջակցելու նպատակով Բանկը բացեց հատուկ հաշվեհամար, որին յուրաքանչյուր անձ կարող է նվիրաբերել ցանկացած գումար՝ ունենալով իրենց ներդրումը Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրում: Բանկը տարածելու է տարեկան հաշվետվությունները եւ օրացույցները իր աշխատակիցների, հաճախորդների, բաժնետերերի, տեղական եւ արտասահմանյան գործընկերների, եւ այլ մասնավոր եւ պետական հաստատությունների շրջանում», - ասել է Պրոմեթեյ բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը: Tweet Դիտում՝ 1780