Երեւան: Մեդիամաքս: Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման եւ իրականացման ոլորտում ծառայություն մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունն արդեն իրականացրել է $ 3 միլիոն ներդրումներ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր տեղեկացրել է ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը: Նրա խոսքերով, ընկերությունը մայրաքաղաքի Փոքր Կենտրոնում տեղադրել է շուրջ 2000 տեսախցիկ, ներդրել է տեղեկատվության հավաքագրման էլեկտրոնային համակարգ, ձեռք է բերել 4 շրջիկ մեքենա, որոնք հերթապահություն են իրականացնում վճարովի ավտոկայանման տեղերում: «Մեր աշխատանքում մարդկային գործոնը բացառելու նպատակով ներդրել ենք էլեկտրոնային համակարգ: Շրջիկ հերթապահություն իրականացնող մեքենաներում տեղադրված են սարքեր, որոնք ֆիքսում են խախտում թույլատրած մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը եւ տրամադրում են այն քաղաքապետարանին»,- ասել է Վազգեն Հարությունյանը: Ընկերության ղեկավարի պնդմամբ, ընկերությունը նախատեսում է $5 միլիոն ներդնել մինչեւ տարեվերջ եւ եւս $ 5 միլիոն 2014 թ.-ի ընթացքում: Գալիք տարում ընկերությունը մտադիր է եւս 3000 տեսախցիկ տեղադրել մայրաքաղաքում: «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման եւ իրականացման ոլորտում ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիրը քաղաքապետարանի հետ կնքել է 10 տարի ժամկետով: Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ընկերությունը սահմանել է 10 % եկամտաբերություն, իսկ ներդրումների վերադարձելիությունն ակնկալում է 10 տարվա ընթացքում: Վազգեն Հարությունյանը հիշեցրել է, որ պայմանագրի համաձայն, «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը ծառայություններ է մատուցում քաղաքապետարանին, այլ ոչ թե քաղաքացիներին: «Մենք հավաքագրում ենք խախտումները եւ Երեւանի քաղաքապետարանին փոխանցում խախտում թույլ տված մեքենաների տվյալները, որի հիման վրա քաղաքապետարանը տուգանք է կիրառում»,- ասել է նա: «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունն իրականացնելու է նաեւ խախտում թույլատրած վարորդների մեքենաների տարհանումն ու տեղափոխումը կայանման հրապարակ: Վազգեն Հարությունյանի խոսքերով, քաղաքապետարանը շուտով կայանման հրապարակի տարածք կտրամադրի ընկերությանը: Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի իրավական հիմքերի մասին պատմող Մեդիամաքս-ի հոդվածը կարող եք ընթերցել այստեղ: Tweet Դիտում՝ 1513