Գագիկ Մակարյան. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը էապես չի ազդի վարկերի վրա
16.08.2013 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը առանձնապես չի ազդի վարկային տոկոսադրույքների վրա, քանի որ բանկերն ունեն բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ եւ ֆինանսավորվում են բազմաթիվ աղբյուրներից, այսօր ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Բացի այդ, մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ-ն եւ Ասիական Զարգացման Բանկը մեծապես նպաստում են մեր երկրում վարկավորման պայմանների դյուրինացմանը, եւ ԿԲ-ի քայլն ավելի շատ ազդակ է, քան էական ազդեցություն գնաճի զսպման վրա», - ասել է Գագիկ Մակարյանը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ համատեղ ասուլիսին:
Վերջինս ասել է, որ անապահով խավի համար գնաճը կազմում է 20%, քանի որ այդ խավը գնում է փոքրաթիվ ապրանքատեսակներ եւ ծառայություններ, որոնց գներն էապես բարձրացել են:
«Սխալ է գնաճ մեղմել փողը պակասեցնելով, քանի որ դա ոչ մի կապ չունի իրական տնտեսության հետ: Նույն ճանապարհով գնացել է ԵՄ-ն՝ կրճատելով պետբյուջեի ծախսային մասը, ինչի արդյունքում տուժել է նաեւ եկամտայինը, քանի որ տնտեսությունը սկսել է անկում ապրել: Անհրաժեշտ է ոչ թե գնալ փողի ստերիլիզացման ճանապարհով, այլ տարբեր լծակներով ուղղել փողը տնտեսության հեռանկարային ոլորտներ», - ասել է Հարություն Մեսրոբյանը:
Գագիկ Մակարյանն ասել է, որ նման գնաճի պայմաններում տեղի է ունենում մթերքների սպառման նվազում, ինչն անխուսափելի է 35% աղքատություն ունեցող երկրի համար:
«Բարձր գնաճը բերում է նաեւ բիզնեսի արտադրողականության նվազմանը՝ նվազում է բիզնեսի շահույթը, ինչը հաճախ հատկապես փոքր ձեռնարկությունները փորձում են լրացնել իրենց ապրանքների կամ ծառայությունների թանկացմամբ», - ասել է Գագիկ Մակարյանը:
Փորձագետները համակարծիք են, որ գնաճի մեղմման համար անհրաժեշտ են ոչ թե դրամավարկային բնույթի, այլ «իրական» քայլեր պետության կողմից՝ ուղղված տնտեսության առողջացմանը:
«Մասնավորապես, գազի թանկացումը չպետք է այդպիսին լիներ. ես մի անգամ հարց ուղղեցի ՀայՌուսԳազարդի ղեկավարությանը, թե ինչպես կարող է միայն կապի ծառայությունների ամսական վճարը այդ ընկերությունում կազմել $62 000, եւ այդպես էլ չստացա հստակ պատասխան: Ակնհայտ է, որ այդ ընկերության ծախսերն ուռճացված են», - նշել է Գագիկ Մակարյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: