ԿԲ խորհուրդը երեկ կայացած նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%: 2013 թ. հուլիսին, պայմանավորված առավելապես էներգակիրների սակագների բարձրացմամբ, արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.5% գնանկման դեպքում, ինչը հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացմանը՝ հուլիսի վերջին կազմելով 8.5%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:«ԿԲ որոշումը միտված է ներքին զարգացումների հետեւանքով ձեւավորված գնաճային սպասումները խարսխելուն եւ էներգակիրների սակագների աճի երկրորդային ազդեցությունները մեղմելուն: Բացի այդ, Խորհուրդը նաեւ կարեւորում է դրական իրական տոկոսադրույքների պահպանումը: ԿԲ քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ գնաճը մոտակա ամիսներին աստիճանաբար կնվազի: Գնաճի աստիճանական նվազման եւ տնտեսական աճի հնարավոր դանդաղման պայմաններում խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները», - նշել են ԿԲ-ում: Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները եւ ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Խորհուրդը գնահատել է, որ ներքին տնտեսության առաջին կիսամյակի զարգացումների ներքո ձեւավորվել է սպասվածից բարձր գնաճ, որին մեծապես նպաստել են երկրորդ եռամսյակում գյուղատնտեսության ճյուղի զարգացումները (կարկտահարություն եւ վեգետացիոն շրջանի մասնակի հետաձգում) եւ որոշ ծառայությունների գների աճը: Խորհուրդը համակարծիք է, որ գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին եւ կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում: Tweet Դիտում՝ 3479