Չկա իրավական ակտ, որը կսահմանի փոխադրավարձի փոփոխությունը

23.07.2013 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը օրենսդրությունն ուսումնասիրելուց եւ Երեւանի հանրային տրանսպորտի սակագնի փոփոխման համապատասխան որոշում չգտնելուց հետո եկել է այն եզրակացության, որ տրանսպորտի սակագնի փոփոխություն իրականում չի եղել:

Ստորեւ ներկայացնում ենք իրավաբանի մասնագիտական եզրակացությունը.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երևանի քաղաքապետը: Նույն օրենքի 11 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության առաջարկած և մրցութային հանձնաժողովի ընդունած փոխադրավարձով: Նույն մասի համաձայն երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ) կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:

Այսպիսով` ակնհայտ է, որ տրանսպորտային միջոցների փոխադրավարձի փոփոխությունը կարող է կատարվել միայն Երևանի քաղաքապետի որոշմամբ, որը ես դեռ չեմ կարողանում գտնել»,- նշել է Գրիգոր Բեքմեզյանը:

Նրա փոխանցմամբ, «Երևանի քաղաքապետի որոշումը, որպես վարչական ակտ ենթակա է հրապարակման: Մասնավորապես՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի համաձայն՝ քաղաքապետ` քաղաքային համայնքում, հանդիսանում է վարչական մարմին:  Քաղաքապետի որոշումը նույն օրենքի 53 հոդվածի համաձայն վարչական ակտ է:

Նույն օրենքի 59 հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Չեմ ցանկանում մանրանալ օրենքով նախատեսված այլ դեպքերին, սակայն անհրաժեշտության դեպքում դա էլ կարելի է ներկայացնել: Իսկ տրանսպորտի սակագնի դեպքում ակնհայտ է, որ ակտը ենթակա է հրապարակման:

Եթե ասեն, որ մամուլով հրապարակվել է սակագների փոփոխման մասին, ապա պետք է նշել, որ մամուլով չի ասվել ոչինչ վարչական ակտի մասին, իսկ եթե նույնիսկ ընդունենք, որ ասվել է, ապա ստեղծված իրավիճակը նույնպես հակասում է վերոնշյալ հոդվածին, որը սահմանում է՝ մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը, ինչը չի կատարվել:

Այսպիսով` չկա ոչ մի իրավական ակտ, որը կսահմանի փոխադրավարձի փոփոխություն, ուստի ներկայումս գործում է 100 դրամ սակագին, իսկ ավել գումար պահանջողները կարծես թե խախտում են լիցենզավորման պայմանները», - նշել է Գրիգոր Բեքմեզյանը:

Դիտում՝ 3564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW