Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանն այսօր ներկայացրել է 2012 թ-ին տեսչության կողմից առողջապահության եւ քաղաքաշինության ոլորտներում իրականացված ստուգումների, ինչպես նաեւ պետական աջակցությամբ գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի եւ ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացի ստուգումների արդյունքները: Ստուգման ենթակա բոլոր ոլորտներում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:Առողջապահություն«Առողջապահության համակարգում ստուգման նպատակն էր պետպատվերի շրջանակում հիվանդանոցներին պետբյուջեից հատկացված միջոցների սպառման արդյունավետության ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզ դարձավ, որ պետպատվերի ձեւավորման եւ բաշխման գործընթացը խիստ թերի է», - ասել է Սոնա Ղարիբյանը:Ստուգմամբ արձանագրվել է, որ բոլոր հիվանդանոցների համար մեկ հիվանդի բուժման գնի մեջ ներառված է սննդի արժեքը, այնինչ երկրում ընդամենը 2-3 հիվանդանոց է պետպատվերի շրջանակում փաստացի ապահովում հիվանդին սննդով: Արդյունքում 2012թ. պետբյուջեով 513 մլն դրամ ավել է նախատեսվել, եւ ակնհայտ է, որ այս գումարը փոշիացվել է: «Մեր կողմից առաջարկվել է մեկ հիվանդի բուժման գինը նվազեցնել սննդի գումարի չափով այն հիվանդանոցների համար, որոնք սնունդ չեն տրամադրում: Այսուհետ 500 մլն դրամից ավել չհիմնավորված ծախսերը կբացառվեն»,- ասել է Սոնա Ղարիբյանը:Ստուգումների ընթացքում պարզվել է նաեւ, որ 2012-ին պետբյուջեից հիվանդանոցներին ավելորդ շուրջ 180 մլն դրամ ավել է տրամադրվել, քանի որ բազմաթիվ հիվանդությունների բուժման փաստացի տեւողությունը պակաս է եղել նորմատիվայինից: «Առողջապահության նախարարությունն այս խնդիրը լուծելու համար անցում է կատարել մեկ օրվա հաշվով ֆինանսավորմանը. ֆինանսավորումն այսուհետ կհատկացվի այնքան օրվա համար, որքան հիվանդը բուժվում է»,- ասել է Սոնա Ղարիբյանը՝ հավելելով, որ արդյունքում 2013թ. հունվար-ապրիլին համակարգում տնտեսվել է 230 մլն դրամ: Պարզվել է նաեւ, որ սոցիալապես անապահով խմբերին անհետաձգելի բուժօգնության համար տարեկան տրամադրվում էր 306 մլն դրամ՝ առանց հաշվի առնելու դեպքերի թիվը: Արդյունքում այդ թիվն առաջարկվել է նվազեցնել մինչեւ 85 մլն դրամ, իսկ մնացածն ուղղել լրացուցիչ դեպքերի ֆինանսավորմանը: «Առաջարկվել է խստացնել նաեւ բուժհաստատությունների պատասխանատվության նորմերը. եթե նախկինում բացահայտվում էր, որ հիվանդին դեղը չէր տրամադրվում, սակայն այն դուրս էր գրվում պետպատվերով, տվյալ հիվանդանողը տուգանվում էր տվյալ հիվանդության բուժման արժեքի ընդամենը 5%-ի չափով: Այժմ տուգանքի չափը սահմանվել է 25%»,- ասել է Սոնա Ղարիբյանը:Ըստ նրա, ստուգումների արդյունքում առողջապահության համակարգում այսուհետ չեն իրականացվելու տարեկան շուրջ 1 մլրդ դրամի չհիմնավորված ծախսեր:Քաղաքաշինություն 2012 թ-ին տեսչության կողմից թվով 16 օբյեկտներում, այդ թվում դպրոցներում եւ մշակութային օջախներում ստուգումների արդյունքում եւս հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, վերականգնվել է պետբյուջեին հասցված 51 մլն դրամի վնաս:Մի դեպքում կապալառուն վերցրել է խոշոր չափի կանխավճար եւ չի կատարել աշխատանքներ, նրա հանդեպ հայտարարված է հետախուզում: Արձանագրվել են ոչ նպատակային անորակ աշխատանքներ. օբյեկտների նախագծային փաստաթղթերը կազմվել են առանց հաշվի առնելու տեխնիկական վիճակն ու վնասվածության աստիճանը, աշխատանքները հիմնականում սկսվել են առանց շենքերի տեխնիկական վիճակի եւ վնասվածության աստիճանի վերաբերյալ համապատասխան սեյսմիկ մարմնի եզրակացության, որի առկայության դեպքում, վնասվածության աստիճանից ելնելով, կողմերը պետք է, նախ եւ առաջ, իրականացնեին ամրացման, հետո նոր՝ հարդարման աշխատանքներ: «Դեպքերի առնչությամբ տեսչության կողմից երկու գործ ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Հարուցվել են քրեական գործեր, մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը»,- ասել է Սոնա Ղարիբյանը:Սուբսիդավարվող դիզվառելիք եւ պարարտանյութերՏեսչությունը ստուգումներ է իրականացրել Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում՝ պարզելու պետական աջակցությամբ մատչելի գներով դիզելային վառելիքի եւ ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացի արդյունավետությունը: «Առավել շատ խախտումներ հայտնաբերվել են նշված 4-ից Արարատի մարզում: Բացահայտված արտառոց դեպքերը քիչ չեն նաեւ Գեղարքունիքում», - ասել է Սոնա Ղարիբյանը: Արարատի մարզում դիզելային վառելիք գնած հողօգտագործողների վերաբերյալ համայնքապետերի բաշխման ցուցակներում առկա տվյալների եւ հարցման արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված 26 համայնքների մեծ մասում հողօգտագործողներին պակաս դիզվառելիք են հատկացրել, քան նշված է ցուցակներում: Արդյունքում միայն Արարատի մարզի ուսումնասիրված համայնքներում պետությանը պատճառված վնասը կազմել է 83 մլն դրամ: «Շիրակի մարզում բացահայտվել են դեպքեր, երբ ազոտական պարարտանյութի բաշխման ժամանակ հավաքագրվել է յուրաքանչյուր պարկի դիմաց 100-500 դրամ, ինչն արգելված էր, իսկ Գեղարքունիքի մարզում բացահայտվել են կեղծ ցուցակներ», - ասել է Սոնա Ղարիբյանը: Նա նշել է, որ մարզային ստուգումները ներկայումս ամփոփվում են, եւ այս շաբաթվա ընթացքում գործերը ներկայացվելու են Հատուկ քննչական ծառայությանը: Պատասխանելով հարցին, թե ով պետք է կրի պատասխանատվություն նշված չարաշահումների համար, Սոնա Ղարիբյանն ասել է, որ սուբսիդավորվող դիզվառելիքի եւ պարարտանյութերի բաշխման գործընթացը կազմակերպում էին մարզպետները համայնքապետերի միջոցով: Tweet Դիտում՝ 2217