Սերժ Սարգսյան. 3-4 տարուց տարածաշրջանում պատկերը փոխվելու է

05.06.2013 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը եւ դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սերժ Սարգսյանն այս մասին ասել է այսօր  Ազգային անվտանգության խորհրդի նիստում:

«Այսօր դժվարությունները շատ են Հայաստանում: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայց ճշմարտություն է նաեւ այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թ-ին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2%: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաեւ 2013 թվականին: Այո, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարեւան բոլոր երկրներին:Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր»,- ասել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանի խոսքերով, պետք է ոլորտ առ ոլորտ վերափոխել տնտեսությունը թե ձեւի, թե բովանդակության առումով:

«Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետեւանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետեւից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ եւ էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչեւ, ասենք, արեւային մարտկոցների հավաքում»,- նկատել է երկրի ղեկավարը:

ՀՀ նախագահի համոզմամբ, 3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան:

Սերժ Սարգսյանը նկատել է, որ փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն 2-3 տարուց են սպասում. հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական եւ տնտեսական ականներն են սպառնում պայթել:

«Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝ սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Գոյացած գումարները խելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով՝ տեսանելիություն ապահովող հսկայական շինարարական ծրագրերում, սոցիալական ծախսերի ֆինանսավորմամբ, ինչը վաղը ստիպված կրճատելու են, աշխարհի տարբեր ծայրերում հանուն մեկ երեկոյի ծափողջյունների միլիարդներ շաղ տալով: Այսինքն՝ գործեր, որոնք երկու քայլ առաջ հաշվարկողի համար ամեն ինչ պարզ են դարձնում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 4907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW