Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել է դեղերի ներկրող «Կուրացիո» ՍՊԸ-ին 10 մլն դրամով եւ 3 տարով արգելել ընկերությանը մասնակցել պետական գնումներին:Կուրացիո ընկերության հանդեպ վարույթը նախաձեռնվել էր մրցակից «Բեյբի Սիմ» ընկերության հիման վրա: Վերջինս հայտնել էր, որ Կուրացիո-ն խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների, մասնավորապես, Երեւանի պետական բժշկական համալսարանի կողմից էնտերալ զոնդային սննդի (սննդի ընդունման դժվարություններ ունեցող կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին զոնդի միջոցով տրվող հեղուկ) ձեռքբերման մրցույթներին:Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ԵՊԲՀ կողմից կազմակերպված մրցույթում Բեյբի Սիմ-ն առաջարկել է բարձր կալորիականությամբ եւ ավելի էժան էնտերալ զոնդային սնունդ, սակայն Բեյբի Սիմ-ին հնարավորություն չի տրվել մասնակցելու մրցույթին. Զոնդային սննդի ձեռքբերման մրցույթը կազմակերպվել է «Բուժ. սարքավորումներ» ապրանքի ներքո, մինչդեռ զոնդային սնունդը բուժսարքավորում չէ: Այս մրցույթին Բեյբի Սիմ-ը մասնակցության հրավեր չի ստացել, քանի որ գրանցված է եղել «Դեղորայք» եւ «Սննդամթերք» առաջարկող մասնակիցների ցանկում:«Վարույթի ընթացքում ի հայտ են եկել մի շարք փաստեր, ըստ որոնց բոլոր այն դեպքերում, երբ Կուրացիո ընկերությունը բուժհաստատությունների կողմից հայտարարված պետգնումների մրցույթներում հանդիսացել է միակ մատակարարը, այն հայտերում շատ բարձր գնային առաջարկ է ներկայացրել, իսկ երբ մրցակից է եղել, դեղորայքը վաճառվել է Կուրացիո-ի կողմից գրեթե ինքնարժեքին հավասար գնով, ինչն արհեստականորեն խոչընդոտել է մրցակցի մուտքը շուկա:Բացահայտվել է, որ Կուրացիո-ն, հանդիսանալով հանրապետությունում նման ապրանքների հիմնական ներմուծողը եւ մատակարարը, անկախ նրանից, որ ապրանքները մատակարարներից զեղչով են ձեռքբերվել կամ միջազգային շուկայում դրանց գինը նվազել է, մշտապես նույն բարձր գներով է վաճառել հանրապետության դեղատներին եւ հիվանդանոցներին», - ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:Վարույթում, մասնավորապես, ասվում է, որ ընկերության կողմից իրացվող «Նուտրիզոն սննդային թելիկներով 1 կկալ 500մլ» ապրանքի ինքնարժեքը կազմում էր 2080 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ 4000 դրամ: Սակայն ընկերությունը կարողացել է ձեռքբերել ապրանքը զեղչով, ինչի արդյունքում ինքնարժեքը նվազել է մինչեւ 1380 դրամ, սակայն մանրածախ ցանցում գինը մնացել է անփոփոխ: Tweet Դիտում՝ 1567