Երեւան: Մեդիամաքս: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախաձեռնած՝ բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկումը, որը պետք է կայանար այսօր հանձնաժողովի դահլիճում, ձախողվել է:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, քննարկմանը մասնակցելու ցանկություն հայտնած շուրջ 50 քաղաքացու չի թույլատրվել մտնել ՀԾԿՀ շենք՝ քննարկման համար նախատեսված սրահի փոքր տարողունակության պատճառով: Սրահում չկային նաեւ բարձրախոսներ, ինչը հավելյալ դժվարություն էր ստեղծում քննարկումների համար: Շենք մուտք գործած քաղաքացիները չեն համաձայնվել նման պայմաններում մասնակցել քննարկմանը՝ պահանջելով ապահովել ավելի տարողունակ դահլիճ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել:ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը չի համաձայնվել առաջարկի հետ՝ պնդելով, որ չի ցանկանում «շոուի մասնակից դառնալ» եւ որ քննարկումը պետք է անցկացվի հանձնաժողովի «հնարավորությունների սահմաններում»:Քննարկմանը ներկա Հանրային խորհրդի ձեռնարկատիրության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանն ասել է, որ եթե ՀԾԿՀ-ը չի կարող մեծ դահլիճ ապահովել, դա կարող է անել Հանրային խորհուրդը:Ռոբերտ Նազարյանը չի պատասխանել Արշակ Սադոյանի առաջարկին եւ հայտարարել քննարկումը փակված: Tweet Դիտում՝ 2104