Արցախբանկը այսօր մեկնաբանել է «Տոնուս» շինարարական ընկերության հետ կապված իրավիճակը, որի շուրջ մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներ օրերս հանդես են եկել հրապարակումներով:Զերծ մնալով մեկնաբանություններից՝ ներկայացնում ենք բանկի հայտարարությունն ամբողջությամբ: Խոստանում ենք խնդրին ավելի հանգամանալից անդրադառնալ առաջիկայում:«2013թ. մայիսի 13-ին Հայաստանի էլեկտրոնային տարբեր ԶԼՄ-ներում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության եւ նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ: Մասնավորապես, «Տոնուս» ընկերությունը, որը շինարարական կազմակերպություն է, բնակարանների վաճառքի նախնական պայմանագրեր է կնքել քաղաքացիների հետ, նրանցից ստացել է վճարումներ եւ խոստացել է վճարումների դիմաց, իր կողմից կառուցվող շենքում, տրամադրել բնակարաններ: Իսկ Արցախբանկի հետ կառուցապատող «Տոնուս» ընկերությունը կնքել է վարկային պայմանագիր` հենց նույն շենքը կառուցելու համար վարկ ստանալու համար, ինչպես նաեւ գրավի պայմանագիր` ի երաշխավորումն իր վարկային պարտավորությունների: Գրավադրվել է այն շենքը՝ դեռեւս կիսակառույց վիճակում, որտեղ «Տոնուս»-ի գնորդներին պետք է հատկացվի բնակարաններ: Բանկի եւ «Տոնուս» ընկերության միջեւ կնքված վարկային եւ գրավի պայմանագրերը համապատասխանում են գործող ՀՀ օրենսդրությանը, այդ պայմանագրերով կառուցապատողին տրամադրված վարկային միջոցներն ուղղվել են շենքը կառուցելուն: Նշված պայմանագրերը կնքելիս «Տոնուս»-ը, հենց պայմանագրերի տեքստում, հավաստիացրել ու պարտավորվել է, որ շենքի նկատմամբ երրորդ անձանց (օրինակ` քաղաքացիների) հավակնություններ ու պահանջներ չկան, եւ այդպիսիք ստեղծելու գործողություններ ընկերությունը, որպես գրավատու, չի ձեռնարկի: Նման իրավիճակում Բանկը որեւէ կերպ չէր կարող տեղյակ լինել դեռ չկառուցված բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի, դրանց հիմքով կատարված վճարումների ու դրանցից բխող իրավունքների մասին: Նախնական պայմանագրերը, դրանց հետ կապված վճարումները վերաբերվում են միայն եւ բացառապես այդ պայմանագրերի կողմերին, հետեւաբար, բանկը, որպես վարկատու եւ գրավառու, գրավի առարկայի հաշվին որեւէ պատասխանատվություն չի կարող կրել գրավատուի գործողությունների համար: Ավելին, Բանկը պարտավոր է հանրային միջոցներով տրամադրված վարկի գումարն ապահովել գրավով` ըստ պայմանագրի պայմանների: Արցախբանկը որեւէ մեկնաբանություն չունի` «Տոնուս» ընկերության եւ նրա գնորդների միջեւ կնքված նախնական պայմանագրերի առնչությամբ, քանի որ դրանք Բանկին չեն վերաբերվում»,- ասված է բանկի հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 3457