Ամերիաբանկը Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ճանաչվել է 2012թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են այսօր բանկում, ս.թ.մայիսի 9-ին Ստամբուլում Առեւտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին: Առեւտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման նպատակով Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների եւ օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչի արդյունքում բանկն ունի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առեւտրի ֆինանսավարման գործարքներով: Բանկն ընդլայնում է համագործակցությունը ինչպես ներկրողների, այնպես էլ արտահանողների հետ: 2012 թ-ին վճարային գործիքներով սպասարկված արտահանման եւ ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 75%-ով: Իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի կողմից ակրեդիտիվների ու բանկային երաշխիքների պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 90%-ով եւ 31.03.2013թ. դրությամբ կազմել շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, ակրեդիտիվների ծավալն աճել է 115%-ով, իսկ բանկային երաշխիքներինը`56%-ով:«Այս պատվավոր մրցանակը, համալրելով միջազգային տարբեր կառույցների եւ հեղինակավոր բանկերի կողմից ստացված մրցանակների շարքը, մեկ անգամ եւս վկայում է առեւտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ եւ արդյունավետ գործունեության ծավալման մասին», - նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1805