ՀայռուսգազԴարդ. ո՞վ է ուզում հարստանալ բնակչության հաշվին

16.05.2013 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այն, որ հուլիսի 1-ից Հայաստանում բնական գազի սակագների սպասվող թանկացումը կբերի էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի եւ շղթայական այլ թանկացումների, ամենեւին տրամաբանական է: Այս տեսանկյունից բոլորովին զարմանալի չէր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) երեկվա՝ էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու նախաձեռնությունը:    

Տրամաբանական է նաեւ Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող բնական գազի գինը բարձրացնելու ձգտումը: 1000 մ3 գազի դիմաց $180-ից էժան սակագնով ռուսական գազ է ստանում միայն Բելառուսը ($160.5), այն էլ՝ Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի, Մաքսային, Եվրասիական եւ քաղաքական այլ միավորումների պատճառներով:

Ռուսաստանը վաղուց էր խոսում Հայաստանի հետ բնական գազի գնի՝ «եվրոպական գնագոյացմանն» անցնելու մասին, ինչի արդյունքում այսուհետ մենք սահմանին գնելու ենք ռուսական կապույտ վառելիքը ոչ թե $180-ով, այլ $270-ով 1000 մ3-ի դիմաց: Ըստ էության, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, մենք արդեն շուրջ 1 տարի գնում ենք ռուսական գազը ոչ թե $180-ով, այլ $230-250-ով, բայց այդ մասին մի փոքր ուշ:        

Տրամաբանության մեջ, թերեւս, չտեղավորվող կետերից է ՀայՌուսԳազարդ-ի (ՀՌԳ) կողմից վերջնական սպառողին առաջարկվող սակագինը. տնային տնտեսությունների (տարեկան մինչեւ 10 հազ. մ3 սպառողների) համար  այն առաջարկվում է 1 մ3-ի դիմաց ներկայիս 132 դրամից բարձրացնել մինչեւ 221 դրամ, այսինքն՝ 67%-ով, իսկ ավելի շատ սպառողների՝ արտադրական սուբյեկտների համար՝ 61%-ով ($243-ից $392` 1000 խորանարդ մետրի դիմաց):

Ստացվում է, որ եթե մինչ այժմ Հայաստանը «պաշտոնապես» գնում էր 1000մ3 գազը սահմանին $180-ով, իսկ վաճառում տնային տնտեսություններին $318-ով (տարբերությունը՝ $138), ապա հիմա նույն ծավալը սահմանին գնվելու է $270-ով, իսկ բնակչությանը առաջարկվում է վաճառել $532-ով (տարբերությունը՝ $262): Ստացվում է, որ եթե մինչ այժմ սահմանից մինչեւ մեր բնակարաններ հասնելը գազը ՀՌԳ-ի կողմից թանկանում էր $138-ով, ապա հուլիսից՝ $262-ով:

Իհարկե, նման մարժայի տնտեսական հիմնավորումը ցանկության դեպքում կարելի է գտնել, եւ ՀՌԳ-ն հենց այդպես էլ արել է ՀԾԿՀ-ին իր առաջարկում, բայց դժվար չէ նկատել, որ դրանով հայ-ռուսական մոնոպոլիստը դառնում է, թերեւս, Եվրոպայի ամենաթանկարժեք գազ բաշխող օպերատորներից մեկը:  

Հիմնավորենք մեր վարկածը ստորեւ բերված աղյուսակով, որը կազմելիս հիմնվել ենք ռուսաստանյան “Իզվեստիա” թերթի, Reuters գործակալության եւ Եվրահանձնաժողովի տվյալների վրա:

Բերված սակագները չեն հավակնում լինել բացարձակ ճշգրիտ. ԵՄ-ում գազի մանրածախ սակագները հաշվարկվում են ոչ թե խորանարդ մետրերով, այլ կՎտ-ժամ-ով, այսինքն՝ արտադրած ջերմությամբ, եւ մենք միջինացված ցուցանիշներով փոխարկել ենք դրանք: Այդուհանդերձ, անգամ մոտավոր թվերից երեւում է, որ բնական գազի գնման եւ բաշխման սակագների տարբերությունը՝ հատկապես Արեւելյան Եվրոպայում, շատ ավելի փոքր է, քան առաջարկվում է մեզ մոտ:

Ստացվում է, գնելու ենք ռուսական գազը ավելի էժան, քան ԵՄ-ն, սակայն սպառելու ենք այն մոտավոր նույն գնով, ինչ Միության արեւելյան անդամները, մասնավորապես, Մերձբալթյան պետությունները: Պատկերն ավելի զավեշտալի է դառնում, երբ դիտարկում ենք, թե ինչ գնով է բաշխում գազը Ուկրաինան, որը նույնպես ձեռք է բերում այն Ռուսաստանից մոտ $400-ով:

Ըստ Ուկրաինայի ֆինանսների նախարարության, այս տարի 1մ3 գազի գինը տարեկան մինչեւ 2500մ3 սպառողների համար կազմում է ընդամենը 37,2 դրամ,  մինչեւ 6000մ3  սպառողների համար՝ 56,3 դրամ, մինչեւ 12000մ3 սպառողների համար՝ 115,3 դրամ, իսկ 12000մ3-ից շատ սպառողների համար՝ 137,7 դրամ:

Համոզված ենք, այս հարցի շուրջ ՀՌԳ-ից եւս կարելի է լսել բազմաթիվ հակափաստարկներ, որոնցից մեկն Ուկրաինայի տրանզիտային, իսկ Հայաստանի՝ փակուղային կարգավիճակն է, բայց միեւնույն է, նման մանրածախ գինը չափազանցված է:

Կարելի է ենթադրել, որ պետությունն ի դեմս ՀԿԾՀ-ի կխաղա այստեղ «բարի ոստիկանի» դեր եւ կսահմանի առաջարկվածից որոշակիորեն ցածր սակագին, թեեւ դժվար թե դրանից կառավարության վարկանիշն աճի. ինչպես նշել ենք, Հայաստանն արդեն անցյալ տարվանից գնում է ռուսական գազը ոչ թե $180/1000մ3 -ով, այլ $230-250-ով, սակայն դա ամեն կերպ քողարկվում էր պաշտոնյաների, մասնավորապես, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի կողմից, եւ մանրածախ սակագինը պահպանվում էր նույն մակարդակում:

Պատճառն ակնհայտ է. խորհրդարանական, նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններ, որոնց արդյունքները չէին լինի այդպիսիք, եթե իշխանությունն անկեղծ լիներ բնակչության հետ:

Ռուբեն Հարությունյան

Դիտում՝ 2336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW