Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Փոքր բիզնեսի աջակցության տարածքաշրջանային ծրագրի ղեկավար Յապ Սփրեյն այսօր ասել է, որ Հայաստանում Գործարար խորհրդատվական ծառայությունների (ԳԽԾ) ծրագիրն առաջիկայում ուշադրության կենտրոնում կպահի կին ձեռնարկատերերին եւ մարզերում գործող փոքր եւ միջին բիզնես միավորներին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Յապ Սփրեյն ասել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Փոքր բիզնեսի աջակցության տարածքաշրջանային ծրագրի հայաստանյան գործունեության 10-րդ տարեդարձի առթիվ կայացած միջոցառման ժամանակ:«Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի արդյունքում մինչ օրս իրականցվել է 930 նախագիծ` ներգրավելով 130-ից ավելի խորհրդատուներ: Ծրագրից օգտվող ընկերությունների մոտ նկատվում է շրջանառության, աշխատանքի արդյունավետության եւ աշխատակիցների թվի աճ»,- ասել է Յապ Սփրեյը:Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է, որ ՓՄՁ զարգացումը Եվրամիության գերակայություններից է. «ԵՄ-ն նախատեսում է ավելի մեծ ծավալներով աջակցություն տրամադրվել ՀՀ-ում մասնավոր սեկտորի զարգացմանը գալիք ֆինանսական ցիկլում (2014-2020թթ.)»,- ասել է նա:«Հայաստանի բիզնես սեկտորը բազմազան եւ արագ զարգացող է, որին օժանդակությունը մեծ նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար»,- նշել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը եւս կարեւորել է ծրագրի գործունեությունը. «Այն կարողացել է օժանդակել եւ հարթել բիզնեսի փշոտ ճանապարհը մի շարք գործարարների համար»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 3086