Վարչապետը ներկայացրեց Վահրամ Ավանեսյանին եւ Դավիթ Սարգսյանին

08.05.2013 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել իրենց նորանշանակ ղեկավարներին` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին եւ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:

Ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նա Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկն է, ունի աշխատանքային մեծ փորձ՝ ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ՝ մասնավոր հատվածում:

Կառավարության ղեկավարի խոսքով, Վահրամ Ավանեսյանն այս տարիների ընթացքում աշխատել է տնտեսագիտական հետազոտական ոլորտում, համագործակցել է գործադիրի հետ: «Նա քաջատեղյակ է գրեթե բոլոր խնդիրներին, որոնք այսօր կանգնած են կառավարության առջեւ: Համոզված եմ, որ այս փոփոխությունը սահուն կլինի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Տիգրան Դավթյանն իր հետագա գործունեությունը կշարունակի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ:   

Ներկայացնելով ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանին՝ վարչապետը համոզմունք է  հայտնել, որ նրա կազմակերպչական ու մասնագիտական կարողություններն օգտակար կլինեն ֆինանսների նախարարի պաշտոնում:

«Մեզ սպասվում են լուրջ բարեփոխումներ, ուստի բավականին մեծ ծանրություն է ընկնում հենց ֆինանսների նախարարության վրա»,- նկատել է վարչապետը:

Դիտում՝ 2240

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW