Ամերիաբանկն առաջարկում է արտահանման եւ ներմուծման միջազգային ֆակտորինգի ծառայություն:Ինչպես հայտնել են բանկում, միջազգային ֆակտորինգի հիմնական առավելությունը ֆինանսավորման այլ միջոցների նկատմամբ առաջարկվող ծառայության փաթեթային լուծումն է: Այն իր մեջ ներառում է ոչ միայն մատակարարի ֆինանսավորում, այլեւ դեբիտորական պարտավորությունների կառավարում եւ վարկային ռիսկի ապահովագրություն: Միջազգային ֆակտորինգն ունի նաեւ մի շարք առավելություններ ռիսկերի հեջավորման ավանդական միջոցների նկատմամբ, որոնք չեն լուծում մատակարարի մոտ շրջանառու միջոցների անբավարարության խնդիրը: Ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն ապահովագրել գնորդի կողմից չվճարման ռիսկը, այլեւ ստանալ ֆինանսավորում վճարման ժամկետից զգալիորեն շուտ: Բանկի անդամակցությունը խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը հաճախորդների համար` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու եւ սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով:«Միջազգային ֆակտորինգի շուկան Հայաստանում զարգացման մեծ հեռանկարներ ունի, Դրան մեծապես նպաստում է նաեւ Հայաստանի արտահանման ծավալների եւ միջազգային առեւտրում Հայաստանի տեսակարար կշռի աճը: 2012թ. արդյունքներով Հայաստանի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 7%-ով: Անդամակցությունը FCI-ին մեզ թույլ է տալիս ֆակտորինգային ծառայությունների նորանոր հնարավորություններ ընձեռել հաճախորդներին՝ ընդլայնելով առաջարկվող ծառայությունների փաթեթը: Այսօր FCI-ին անդամակցում են 268 բանկեր եւ ֆակտորինգային կազմակերպություններ աշխարհի շուրջ 80 երկրներից, որոնք ձեւավորում են միջազգային ֆակտորինգի շուկայի մոտ 80%: FCI-ը սահմանում եւ շրջանառության մեջ է դնում միջազգային ֆակտորինգի ստանդարտներ եւ համագործակցության շրջանակներում աջակցելով իր անդամներին` հնարավորություն է տալիս ունենալ մի շարք մրցակցային առավելություններ» - ասել է Ամերիաբանկի պարտավորությունների առուվաճառքի բաժնի ղեկավար Անժելա Խաչատրյանը: 2013թ. I եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը բանկին զիջված պարտավորությունների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 36%-ով: Իսկ 2012թ. արդյունքներով Բանկին զիջված պարտավորությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: Ամերիաբանկի կողմից առաջարկվող միջազգային ֆակտորինգի ծառայություններից կարող են օգտվել տնտեսության տարբեր ճյուղերում գործող արտաքին տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունները, այդ թվում նաեւ մետալուրգիայի, մեքենաշինության, սննդամթերքի, էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի, սպառողական այլ ապրանքների արտադրությամբ, արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող ընկերությունները: Tweet Դիտում՝ 2213