Մեկնարկեց «Տաթեւյան պրեմիերա» նախագիծը (ֆոտոշարք)

29.04.2013 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 27-ին «Տաթեւյան պրեմիերա» նախագծի շրջանակներում Տաթեւի վանքի տարածքում տեղի ունեցավ Panarmenian Media Group-ի նկարահանած «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:

Տաթեւյան պրեմիերան խորհրդանշական էր սյունեցիների համար՝ ապրիլի 27-ին նշվում է Լեռնահայաստանի հռչակման տարեդարձը, իսկ ֆիլմի նկարահանումների որոշ մասը ընթացել է հենց Տաթեւի վանքի պատերի ներքո:

1921 թվականին Տաթեւի վանքում տեղի ունեցած Համազանգեզուրյան երկրորդ համագումարը անկախ Սյունիքը հռչակեց Լեռնահայաստան, որի ղեկավարը Գարեգին Նժդեհն էր:

Ֆիլմը դիտելու համար «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը հրավիրել էր Տաթեւի վանական համալիրի շրջակայքում գտնվող 6 գյուղերի (Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչներին: Նրանց ֆիլմի ցուցադրմանը ներկա գտնվելու համար հատուկ հրավիրատոմսեր էին բաժանվել:

«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Սյունիքին, սյունեցիներին, Տաթեւի վանքին ու այստեղի հերոսներին», - ասել է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանը:

Ֆիլմի ցուցադրության օրը աշխարհի ամենաերկար ճոպանուղին գործարկվեց նաեւ երեկոյան ժամերին: Հունիսի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի մինչեւ ժամը 20:00-ը: Ներկայումս ճոպանուղին աշխատում է առավոտյան 09:00-ից մինչեւ 18:00-ը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին պատմաբաններ, հյուրեր Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Սերբիայից, Ռուսաստանից: Միջոցառմանը ներկա էր նաեւ 2008 թվականին մեկնարկած «Տաթեւի վերածնունդ» նախագծի նախաձեռնողներից մեկը` գործարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը:

Ցուցադրության ներկա էր դերասան Շանթ Հովհաննիսյանը, ով ֆիլմում մարմնավորել է երիտասարդ Գարեգին Նժդեհի կերպարը:

«Տաթեւյան պրեմիերա» նախագծի շրջանակներում նախատեսվում է պարբերաբար
միջոցառումներ կազմակերպել ու ներկայացնել հայազգի կինեմատոգրաֆիստների գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերը:

«Տաթեւի վերածնունդ» նախագիծը մեկնարկել է 2008 թ.-ին: Այն լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցության հիմքի վրա:

Նախագիծն ունի երեք բաղադրիչ.

- Վանական համալիրի վերականգնում, տեղանքի հոգեւոր եւ ակադեմիական ավանդույթների վերածնունդ;
- Աջակցություն տարածաշրջանի, շրջակա 6 գյուղական համայնքերի, գյուղական տուրիզմի զարգացմանը, տեղի բնակիչների ներգրավում տուրիզմի գործում;
 
- «Տաթեւի դարպասներ» տուրիստական գոտու զարգացում եւ «Տաթեւեւր» ճոպանուղու շահագործում, որից ստացված ողջ հասույթը ուղղվում է «Տաթեւ» հիմնադրամին եւ նախատեսված է վանքի վերածննդի եւ տեղի համայնքների զարգացմանը:

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:  

Դիտում՝ 1652
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW