ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին, ինչպես նաեւ ներդրումային նոր ծրագրերին: Մինչեւ 2012 թվականն ընկերությունն ալյուրի եւ հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է $12 մլն, իսկ գինու, կոնյակի եւ մրգային օղիների արտադրություններում՝ $15 մլն: Նախատեսվում է եւս $8 մլն ներդնել սառնարանային տնտեսության եւ մրգային պահածոների գործարանի կառուցման համար:Ընկերությունում աշխատում է 172 մարդ: 2013 թվականին նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 100-ով: «Մանչո Գրուպ»-ը զբաղվում է հացահատիկային բոլոր տեսակի կուլտուրաների` ցորենի, գարու, եգիպտացորենի խոշոր ներկրումով, ինչպես նաեւ տեղական արտադրանքի մթերումով եւ վերամշակումով, ալյուրի եւ հրուշակեղենի արտադրությամբ: Ընկերության կողմից շահագործվում են 2 ալրաղացներ, որոնց արտադրողականությունը կազմում է օրական 100 տոննա: 2008-2009թթ. «Մանչո Գրուպ»-ն ընդլայնել է իր արտադրությունը` կազմակերպելով նաեւ գինու եւ կոնյակի սպիրտի արտադրություն (հնեցում): Խաղողից ստացված գինու եւ կոնյակի հետ զուգահեռ ընկերությունը մթերում եւ արտադրում է բարձրորակ նռան գինի:2011թ.-ից սկսած արտադրվում է նաեւ մրգային օղի, որը պատրաստվում է թթից, հոնից, ծիրանից, դեղձից եւ տանձից: 2012թ.-ի նոյեմբերից «Մանչո Գրուպ»-ի գինու, կոնյակի գործարանն իր տեսականիով ներկայացված է տեղական շուկայում:Ընկերությունը 2012 թ. ՀՀ պետական բյուջե է փոխանցել շուրջ 586.5 մլն դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 159-րդ տեղը: Tweet Դիտում՝ 3134