Մենք փորձում ենք առավելագույնս անցավ կերպով լուծել Արմավիա-ի պարտքի հարցը ՀՀ Կենտրոնական բանկի, ավիաընկերության սեփականատիրոջ եւ մեր բաժնետիրոջ հետ միասին, այսօր ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին ՎՏԲ Բանկը Արմավիա-ին եւ Mika Limited-ին 22 մլն դոլարի հայցեր է ներկայացրել` փորձելով վերադարձնել այն միջոցները, որոնք տրամադրվել էին Արմավիա-ի կողմից Sukhoi Superjet-100 օդանավի ձեռքբերման համար վերցված վարկերի վերաֆինանսավորմանը: Մինչդեռ մարտի վերջին Արմավիա-ն դադարեցրել է թռիչքները եւ հայտարարել սնանկության ընթացակարգի մեկնարկի մասին: «Մենք հուսով ենք լուծել այդ հարցն առավել անցավ կերպով` ինչպես բանկի, այնպես էլ երկրի տնտեսության համար: Կենտրոնական բանկը եւ երկրի իշխանությունները մի շարք միջոցառումներ են ձեռնարկել, որոնք թույլ են տալիս նվազագույնի հասցնել կորուստները` ինչպես ընկերության սեփականատիրոջ, այնպես էլ բանկային համակարգի: Այդ գործընթացի ճանապարհային քարտեզը պատրաստ է, եւ մենք դրան համաձայն ենք»,- ասել է Յուրի Գուսեւը, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին: Նրա խոսքերով, կարեւոր առավելությունն այն է, որ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը չի խուսափում բանկի հետ կապի մեջ մտնելուց: «Մենք շփվում ենք ամեն օր եւ փորձում ենք ընդունելի ելք գտնել»,- ասել է ՎՏԲ-Հայաստանի ղեկավարը: Tweet Դիտում՝ 7219