ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նախատեսում է թողարկել Diners Club International/Discover առաջին քարտերը 2013 թ-նի երկրորդ կիսամյակում:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, 2013 թ-նից սկսած՝ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի ծրագրային ապահովման փոփոխությունից անմիջապես հետո, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ակտիվ աշխատանքներ է իրականացնում Diners Club International/Discover քարտերի թողարկման ուղղությամբ: Նրա խոսքերով, ներկայումս սկսվել են Diners Club International/Discover Armenia քարտի ձեւավորման աշխատանքները՝ դրանք պատկանելու են պրեմիում դասի քարտերի շարքին եւ կդառնան կարեւոր եւ արդյունավետ միջոց այն հաճախորդների համար, ովքեր հաճախակի մեկնում են գործուղման եւ շրջագայությունների:Դավիթ Հարությունյանը նշել է, որ Diners Club International/Discover Armenia քարտը թողարկելիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հաշվի է առնելու ՀՀ ազգային մտածելակերպը, մշակույթը եւ պահանջները, ինչպես նաեւ՝ միջազգային ծառայություններից մարդկանց օգտվելու ցանկությունները: «Կարեւորում ենք նաեւ Diners Club International/Discover-ի կարծիքը` մեր երկիր այցելող զբոսաշրջիկների պահանջներին համապատասխան ծառայություններ մատուցելու վերաբերյալ», - ասել է նա:Մոտ մեկ ամսից Diners Club International/Discover քարտապաններին հնարավորություն կընձեռվի կանխիկացման գործառնություններ իրականացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ավտոմատ գանձման մեքենաներից: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի եւ Diners Club International/Discover-ի միջեւ 2010 թվականից սկիզբ առած համագործակցության արդյունքում բանկը ստացել է Հայաստանում Diners Club International/Discover համակարգի քարտերի թողարկման եւ սպասարկման բացառիկ իրավունք:2011 թվականից սկսած ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ձեռնամուխ եղավ Diners Club International/Discover վճարային քարտերի սպասարկման ցանցի ստեղծմանն ուղղված աշխատանքների իրականացմանը, որի արդյունքում այսօր Diners Club International/Discover քարտատերերը Հայաստանում կարող են իրականացնել վճարումներ շուրջ 2000 առեւտրի/սպասարկման կետերում:Diners Club-ի պատմությունըDiners Club-ի պատմությունը սկիզբ է առել 1949 թ-նին Ամերիկայում, երբ բիզնեսմեն Ֆրենկ Մակնամառան, ընթրելով Նյու Յորքի ռեստորաններից մեկում, հայտնաբերել է, որ մոռացել է իր դրամապանակը ուրիշ կոստյումում: Նա ստիպված է եղել զանգահարել կնոջը եւ խնդրել՝ գումարը բերել ռեստորան: Արդյունքում ծնվել է ունիվերսալ վճարային գործիքի՝ Diners Club քարտի ստեղծման գաղափարը:Մեկ տարի անց Ֆրենկը իր գործընկերոջ՝ Ռալֆ Շնայդեռի հետ, վերադարձել է նույն ռեստորան եւ վճարել է ընթրիքի դիմաց փոքր կարտոնե քարտով, որն այսօր ճանաչված է որպես Diners Club Сard: Այս իրադարձությունը, որն աշխարհին նոր ֆինանսական գործիք տվեց, պատմության մեջ մտավ որպես First Supper՝ ընթրիք, որի դիմաց առաջին անգամ աշխարհում հաշիվը վճարվեց վճարային քարտով: Մեկ տարվա ընթացքում Diners Club-ի քարտապանների թիվը հասավ 42 հազարի, քարտերով կարելի էր վճարել ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում:Արդեն 1967 թ-ին Diners Club քարտով հնարավոր էր վճարել աշխարհի 130 երկրներում՝ դրանք ավելի շատ էին, քան այդ պահին ՄԱԿ-ին անդամակցող երկրները: ԽՍՀՄ-ում առաջին անգամ քարտերը սկսեցին կիրառվել 1969 թ-ին, երբ Diners Club-ը պայմանագիր կնքեց «Ինտուրիստ»-ի հետ, որը քարտերով հաշվարկներ էր կատարում «Բերյոզկա» խանութներում, Մոսկվայի եւ Լենինգրադի ռեստորաններում, ավտոմեքենաների վարձակալման գրասենյակներում: Խոսքը գնում էր այն քարտերի մասին, որոնք թողարկված էին արտասահմանյան բանկերի կողմից՝ ԽՍՀՄ-ում այդ քարտերը չէին թողարկվում: Շուտով Մոսկվային եւ Լենինգրադին միանում են նաեւ Սոչին, Օդեսան, Յալթան եւ Տալինը: 1984-ին Diners Club-ը բանկային քարտերի պատմության մեջ առաջին անգամ ներդնում է հավատարմության (լոյալության)` Сlub Rewards ծրագիրը: 1987-ին Diners Club-ի քարտապանները հնարավորություն են ստանում օգտվել աշխարհի տարբեր երկրներում գործող բանկոմատային ցանցից՝ Club Cash ծրագրի շնորհիվ: 1990 թ-նին Diners Club-ը դառնում է միջազգային կորպորատիվ քարտ առաջարկող առաջին վճարային համակարգը: Նույն թվականին Life ամսագիրը Ֆրենկ Մակնամառային հռչակում է Ամերիկայի XX դարի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Diners Club-ի քարտապանները օգտվում են տարբեր արտոնություններից, ներառյալ՝ մասնակցություն տարբեր տեսակի բոնուսային ծրագրերին, կոնսիերժ-ծառայություն, աշխարհի 450 օդանավակայանի սրահներ մուտք գործելու եւ սպասարկվելու հնարավորություն, բջջային հավելվածներ եւ այլ բացառիկ հնարավորություններ: Diners Club-ի պատմությունը` ըստ http://www.dinersclubcard.ru նյութերի: Tweet Դիտում՝ 7358