Երեւանում այսօր պաշտոնապես մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրը, որի նպատակը ՀՀ-ում հարկային միջավայրի բարելավումն է: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծրագրի պաշտոնական մեկնարկի առթիվ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդի, Հարկային բարեփոխումների ծրագրի ղեկավար Վիլիամ Գարդների, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափինի, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարեյանի կողմից ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:Հարկային բարեփոխումների ծրագրի ղեկավարը ներկայացրել է քառամյա ծրագրի նպատակները, որոնք միտված են հարկային քաղաքականության կարողության զարգացմանը, հարկային վարչարարության կարողությունների հզորացմանը, հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ բարելավված երկխոսության ստեղծմանը:«Հարկային վարչարարության համակարգի վերջին բարեփոխումները բավարար հիմք են ստեղծել զարգացման նոր փուլ անցնելու համար»,- ասել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Նա նշել է, որ ՊԵԿ գործընկերների հետ իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կֆինանսավորի Հայաստանի հարկային համակարգի հետագա զարգացմանն ուղղված հավելյալ աշխատանքները:ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, խոսելով ծրագրի կարեւորության եւ հարկային բարեփոխումների ոլորտում առկա դժվարությունների մասին, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից քաղաքական կամք դրսեւորելու առկայության դեպքում պատրաստ են աջակցել հարկային եւ ֆիսկալ բարեփոխումների իրականացմանը: Tweet Դիտում՝ 1709