Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ: Քննարկվել են 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր: Մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններ ներկայացնել սահմանված ձեւի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր հաշվետվության տեսակի ավելացմամբ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում ի հայտ են եկել ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի եւ ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջեւ անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ, ՀՀ վարչապետը հանձնարարել է, որ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ չկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ: Banks.am-ն այս խնդրին հանգամանորեն անդրադարձել էր երեկ: Tweet Դիտում՝ 2707