2012-ին ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունը տրամադրել է 3,6 մլրդ դրամի վարկ, իսկ 2013-ին նախատեսվում է տրամադրել 3 մլրդ դրամի նոր վարկեր, այսօր ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:«Գործունեության 3,5 տարվա ընթացքում կազմակերպությունը տրամադրել է 6,5 մլրդ դրամի շուրջ 100 վարկ: 2012թ. վերջի դրությամբ ընկերության վարկային պորտֆելի մնացորդը կազմել է 5 մլրդ դրամ, որից 83,2% բաժին է ընկնում արդյունաբերությանը, 10,1%-ը՝ գյուղատնտեսությանը», - ասել է Արթուր Բադալյանը: Նա տեղեկացրել է, որ կազմակերպության կողմից տրամադրված վարկերի շնորհիվ արդեն ստեղծվել է 250 նոր աշխատատեղ, իսկ ֆինանսավորվող ծրագրերի ամբողջական իրագործման արդյունքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 700-ի: Սկզբնական շրջանում ընկերությունը ֆինանսավորում էր վարչապետին կից գործող ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի կողմից հավանության արժանացած գործարար ծրագրերը, իսկ հետագայում այն սկսեց ինքնուրույն ներգրավել հաճախորդներ:Կազմակերպության կողմից ֆինանսավորման աղբյուր է դարձել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկը:Ընկերության կողմից ֆինանսավորվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, նոր արտադրության կազմակերպմանը կամ արտադրության ընդլայնմանը, ներմուծման փոխարինմանը, արտահանող կամ արտահանման ներուժ ունեցող արտադրության կազմակերպմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպվող արտադրությանը, տեղական հումքի եւ ռեսուրսների օգտագործմանը:Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով կապիտալ ներդրումների եւ շրջանառու կապիտալի համալրման նպատակով, մինչեւ 5 տարի մարման ժամկետով, մինչեւ 2 տարի վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով, 11% միջին տարեկան տոկոսադրույքով: Կազմակերպության կողմից նախապատվություն է տրվում այն մարզերում գործող տնտեսվարողների վարկավորմանը եւ ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելի 51%-ը տեղաբաշխված է մարզերում:«Շուկայականից ցածր տոկոսադրույքներով վարկավորելով հանդերձ, կազմակերպությունն աշխատում է շահույթով, որը 2012-ին կազմել է 155 մլն դրամ», - ասել է ՈւՎԿ ղեկավարը: Tweet Դիտում՝ 2328