Ներկայացնում ենք ԿԲ-ի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը» (ֆոտոշարք)

26.01.2013 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ավարտվել են ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» 2009թ. մեկնարկած շինաշխատանքները եւ շուտով այն կսկսի գործել:

Նախագիծը պատրաստվել է «Հայնախագիծ» ՓԲԸ կողմից, իսկ շինարարությունն իրականացրել է «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն: Շինության ընդհանուր մակերեսը 29 000 մ2 է:

Հունվարի 25-ին ԿԲ ղեկավարությունը ներկայացրել է լրագրողներին նոր կենտրոնը:

ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը պատմել է, որ կենտրոնում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ տնտեսագիտության եւ ֆինանսների բնագավառում ուսումնահետազոտական աշխատանքների, ինչպես նաեւ նույն բնագավառներին առնչվող կրթական, տարածաշրջանային եւ միջազգային ուսումնական ծրագրերի, գիտաժողովների իրականացման համար:

Կենտրոն են տեղափոխվելու ԿԲ մի շարք բաժիններ՝ տնտեսական հետազոտությունների ստորաբաժանման, վարկային ռեգիստրի վարմամբ զբաղվող աշխատակիցները, վիճակագիրներ, ֆինանսական կայունության ոլորտի մասնագետներ, Եվրամիության ինտեգրման բաժնի, ՏՏ ստորաբաժանման աշխատակիցներ:

Կենտրոնում աշխատող ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների համար կառուցվում է նաեւ բազմաբնակարան բնակելի շենք՝ 64 ծառայողական բնակարանով՝ 6290քմ ընդհանուր  բնակելի տարածքով: Շենքի առաջին հարկում նախագծված  են մանկապարտեզ եւ առեւտրային տարածքներ, որոնցից կկարողանան օգտվել նաեւ Դիլիջան քաղաքի բնակիչները:

Համալիրը հանդես է գալու Հայաստանի, տարածաշրջանի, Արեւելյան Եվրոպայի կենտրոնական եւ առեւտրային բանկերի, ֆինանսական այլ կազմակերպությունների, միջազգային կառույցների եւ գործարար ոլորտի ներկայացուցիչների հանդիպումների եւ հետազոտությունների միջավայր:

Կենտրոնում անցկացվելու են նաեւ ԿԲ խորհրդի նիստերը:

ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը պատմել է, որ Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առեւտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ վարկային եւ ԱՊՊԱ-բյուրոների համար` վերջիններիս կողմից այնտեղ ռեզերվային սերվերներով պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ: Կենտրոնում կգործի նաեւ տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները:     

Ամերիկյան համալսարանի մագիստրատուրան՝ Դիլիջանում

2013-ի հունիսից Հայաստանի Ամերիկյան համալսարանը նույն կենտրոնում կսկսի իրականացնել տնտեսագիտության մագիստրոսի կոչում տվող կրթական ծրագիրը:

Կենտրոնի ստորին հարկն ամբողջությամբ նախագծված է որպես ակադեմիական հաստատություն՝ հետբուհական կրթական ծրագրի մասնակից ուսանողների եւ դասախոսական կազմի համար նախատեսված կացարանով (campus):

ԿԲ ներդրումները Դիլիջանում ուսումնահետազոտական կենտրոնով չեն սահմանափակվել
      
Բանկի կողմից վերակառուցվել է նաեւ Դիլիջանի քաղաքային գրադարանի շենքը, որտեղ նախատեսվում է ստեղծել ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն: Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2011թ. փետրվարին եւ արդեն հասցվել են ավարտին: Գրադարանը վերածվել է ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի:

Կենտրոնում գործելու են ԿԲ այցելուների կենտրոն, որտեղ այցելուները կծանոթանան բանկի եւ դրամի պատմությանը, ինչպես նաեւ առեւտրային բանկի գործառույթներին; տեխնիկապես հագեցված գրադարան անվճար ինտերնետով; Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը ստեղծվել է Երեւանի Թումո կենտրոնի հետ համատեղ եւ օտար լեզուների եւ համակարգչային ծրագրերի ուսուցման խմբակներ:

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը պատմել է, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում օտար լեզուների եւ «Տուրիզմի հյուրընկալման կառավարում» դասընթացի անցկացման վերաբերյալ: Հունվարից մեկնարկում են անգլերենի դասընթացները, իսկ ապրիլից՝ «Տուրիզմի եւ հյուրընկալման կառավարում» դասընթացը:

Ռուբեն Հարությունյան

Դիտում՝ 21888
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW