«Հայաստանում չորացված պտուղ-բանջարեղենի գործող արժեշղթան կարելի է համարել իրողություն, սակայն այն գործում է տարերայնորեն, չի կառավարվում պայմանագրորեն, չի կանոնակարգվում եւ կարգավորման կարիք ունի»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը նախօրեին BSC-ի եւ ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում: Սամվել Գեւորգյանի խոսքերով, արժեշղթան հիմնականում ուղղված է տեղական շուկային, իսկ արտահանման դեպքում առկա են մեծ թվով խնդիրներ, «մինչդեռ տեղական շուկան մոտ 50%-ով ապահովվում է տեղական արտադրանքով եւ 50%-ով` ներմուծմամբ»: Քննարկմանը ներկա էին Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպությունների եւ Հայաստանում չիր արտադրող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: «Գյուղատնտեսական դաշինքի եւ մասնավոր հատվածի ռազմավարական համագործակցությունը կնպաստի ոլորտին առնչվող քարոզչական աշխատանքների ուժեղացմանը, տեղական չրի արտադրությունն ու արտահանումը խթանող քաղաքականությունների մշակմանը», - նշել է ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Գյուղատնտեսական դաշինքը ստեղծվել է 2011 թ. դեկտեմբերին ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ` միավորելով ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող տեղական եւ միջազգային թվով 11 կազմակերպություններ: Tweet Դիտում՝ 2713