Երեւան/Մեդիամաքս/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) $15 մլն վարկ է տրամադրել ՎՏԲ-Հայաստան Բանկին փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկավորման նպատակով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում համապատասխան պայմանագիր են ստորագրել ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Յուրի Գուսեւի խոսքերով, վարկի շրջանակներում բոլոր միջոցները կուղղվեն նոր նախագծերի իրականացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Համատեղ նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների եւ մրցունակ միջավայրի ստեղծմանը եւ դրանով իսկ արտադրության ծավալների աճին, ապրանքների տեսականու ընդլայնմանը եւ արտադրության որակի բարձրացմանը: Մենք հուսով ենք, որ պայմանագրի ստորագրումը մեր հետագա համագործակցության առաջին ծիծեռնակը կդառնա, եւ տրամադրված միջոցները թույլ կտան մեր հաճախորդներին իրենց բիզնեսի զարգացման համար շատ լավ պայմաններ ստանալ: Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը առաջնային ուղղություն է ոչ միայն մեր բանկի, այլեւ ողջ Հայաստանի համար, եւ հաջորդ տարի մենք կկենտրոնացնենք մեր ուշադրությունը հենց այդ հատվածի վրա»,- ասել է Յուրի Գուսեւը: Նա նաեւ հայտնել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջին բիզնեսի պորտֆելը կազմում է 28 մլրդ դրամ, իսկ փոքրինը` 13 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 5961