Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը ԱՊՀ տարածքում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման առաջատարներից մեկն է, դա հայաստանյան տնտեսության ուժեղ կողմն է, եւ այն պետք է խրախուսվի, այսօր Երեւանում ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը: Նա հայտնել է, որ ներկայումս Հայաստանում ԵԱԶԲ-ի պորտֆելը կազմում է $94 մլն, եւ բանկը շարունակում է Հայաստանում ներդրումներ կատարելու համար հետաքրքիր ոլորտներ փնտրել` ինչպես փոքր եւ միջին ձեռնարկատիրության, այնպես էլ խոշոր բիզնեսի ոլորտում: «Ներկայումս մենք դիտարկում ենք Հայաստանում պոլիմետաղական հանքավայրերի ձեւավորման, բարձր տեխնոլոգիական լոգիստիկ կենտրոնի ֆինանսավորման նախագծերը, ինչպես նաեւ ձկնաբուծության ոլորտը: Մեզ համար զարմանալի է, որ Հայաստանը ձկնաբուծության առումով տարածաշրջանում առաջատար դիրքեր է զբաղեցնում»,- նշել է Իգոր Ֆինոգենովը: Մեկնաբանելով Նաիրիտ քիմկոմբինատի վերագործարկման հարցը, որին ենթադրվում է ԵԱԶԲ-ի մասնակցությունը, Իգոր Ֆինոգենովը նշել է նախնական մեծածավալ տեխնիկական աշխատանքներ անցկացնելու անհրաժեշտությունը՝ նախագծի հիմնավոր լինելու մեջ համոզված լինելու համար: «Հաշվի առնելով ռուսաստանյան ԻՏԵՌԱ ընկերության կողմից Նաիրիտ-ում ներդրումներ կատարելու հետաքրքրվածությունը, նախագիծը կարող է արդյունավետ լինել: Մեզ նաեւ հայտնի է, որ Հայաստանը դիմել է ԵվրԱզԷսի հակաճգնաժամային հիմնադրամ` Նաիրիտի համար ֆինանսավորում ստանալու նախնական դիմումով»,- ասել է ԵԱԶԲ ղեկավարը: Tweet Դիտում՝ 5298