Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում մասնակցել է Commerzbank-ում կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովին, որին մասնակցել են Commerzbank-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը, գերմանական եւ հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովին Հայաստանից ներկա են 15 ընկերություններ, որոնք ներկայացնում են բանկային, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարտկոցների արտադրության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները:Տիգրան Սարգսյանը կարեւորել է համաժողովի անցկացումը հենց Գերմանիայում, որը ԵՄ անդամ պետությունների շարքում Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն ու կարեւորագույն ներդրողն է: «Գերմանիան մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ նեցուկ կանգնելով մեր տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին: Ուստի ցանկանում եմ երախտիքի խոսքեր ասել Գերմանիայի կառավարությանը՝ տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության համար: Վերջինս իր ծավալով եւ արդյունավետությամբ ամենամեծն է ԵՄ երկրների շրջանակներում»,- ասել է կառավարության ղեկավարը:«Մենք այսօր ունենք բարվոք մակրոտնտեսական իրավիճակ, ճգնաժամի տարիներին մեզ հաջողվել է ամբողջությամբ կատարել պետության սոցիալական պարտավորությունները եւ երկիրը զերծ պահել սոցիալական ցնցումներից, ունենք ամուր եւ լավ զարգացած բանկային համակարգ: Այսօր արագ տեմպերով զարգանում է նաեւ ապահովագրական շուկան: Մենք ձեռնարկում ենք քայլեր ֆինանսական ծառայությունների շուկայի ընդլայնման եւ խորացման ուղղությամբ» - ասել է վարչապետը:«Միջազգային վարկանիշային գործակալությունները՝ Ֆիչը եւ Մուդիսը համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա ներկայացնելով Հայաստանն իրենց վերլուծություններում, նշում են մեր երկրի համար առկա աշխարհաքաղաքական ռիսկերը: Մենք պետք է ավելի մեծ բարեփոխումների ծրագրեր իրականացնենք, որպեսզի կարողանանք չեզոքացնել այդ աշխարահաքաղաքական բացասական ռիսկերի ազդեցությունը: Մեր կառավարությունը եւ քաղաքական թիմը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստանձնել է հենց այդպիսի հանձնառություն:Մՙենք ուրախ ենք, որ այս տարիների ընթացքում կատարված բարեփոխումները հնարավորություն տվեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մտնել վերականգնման ավելի հուսալի փուլ: Վերջին երեք տարիների տնտեսական ցուցանիշները վկայում են, որ ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությամբ իրականացված բարեփոխումները տալիս են իրենց դրական արդյունքները: Համագործակցելով Եվրամիության եւ եվրոպական ներդրողների հետ մեզ համար ավելի հեշտ կլինի հաղթահարել բոլոր դժվարությունները: Այսօրվա համաժողովի նպատակն է համատեղել ջանքերը եւ հասնել զգալի արդյունքների», - ասել է Տիգրան Սարգսյանը:Տիգրան Սարգսյանը նաեւ երկկողմ հանդիպում է ունեցել նաեւ Commerzbank-ի կառավարման խորհրդի անդամ Միքայել Ռոյթերի հետ: Tweet Դիտում՝ 1912