Երեւան/Մեդիամաքս/. 2014 թվականից հետո տարաձայնությունները գործատուների եւ վարձու աշխատողների միջեւ հայտարարագրվող աշխատավարձի չափի վերաբերյալ համատարած բնույթ չեն կրի, այսօր կարծիք է հայտնել Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) Հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը:2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, եւ 1974թ. հետո ծնված բոլոր վարձու աշխատողների աշխատավարձի 5%-ն ուղղվելու է իրենց անհատական կենսաթոշակային հաշիվներին:Պատասխանելով Մեդիամաքսի այն հարցին, որ նման պայմաններում աշխատողները հետաքրքրված են լինելու, որ իրենց աշխատավարձը հայտարարագրվի ամբողջությամբ, մինչդեռ գործատուները հաճախ խուսափում են դրանից՝ հարկերը նվազեցնելու նպատակով, Արտակ Ղազարյանն ասել է, որ նման խնդիրներ կծագեն սկզբնական շրջանում, բայց համատարած եւ երկարատեւ չեն լինի:«Այժմ հնարավոր են դեպքեր, երբ գործատուն կասի աշխատակցին, որ եթե նա համաձայն չէ հայտարարագրվող աշխատավարձի չափի հետ, կարող է դուրս գալ այդ աշխատանքից եւ արագ փոխարինվել մեկ ուրիշով, բայց չեմ կարծում, որ դա համատարած բնույթ կկրի», - ասել է Արտակ Ղազարյանը: Tweet Դիտում՝ 1432