Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում` Մաքսային միությանը:Վիկտոր Խրիստենկոն կառավարության ղեկավարին է ներկայացրել Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտը: Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, վարչապետը նշել է, որ այժմ հաջողությամբ ընթացքի մեջ են ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները, որոնք մեր երկիրը նախատեսում է ավարտին հասցնել 2013 թվականին:Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով եւ դրանք դիտարկում է միմյանց փոխլրացնելու տեսանկյունից: Հիշեցնենք, որ վերջերս Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Գագիկ Քոչարյանն ասել էր.«Մաքսային միությունը ենթադրում է, որ անդամ երկրների միջեւ վերանում են մաքսային անցակետերը, եւ այդ երկրներն այլեւս չեն կարող ինքնուրույն վարել իրենց արտաքին առեւտրի քաղաքականությունը: Այսօր մենք բանակցում ենք ԵՄ հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի (DCFTA) շուրջ, որը շատ մեծ արդյունքներ կտա Հայաստանին, ու եթե մենք մտնենք մաքսային միության մեջ, DCFTA-ի մասին կարող ենք մոռանալ»: Tweet Դիտում՝ 3796