Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Հայաստան» համահայկական hիմնադրամի հետ համատեղ, Հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ, առաջին անգամ Հայաստանում թողարկել է բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, նախագծի նպատակը՝ Հայաստանի մանկատների երեխաներին օժանդակող ծրագրերի ֆինանսավորման համար միջոցների հավաքագրումն է:Բարեգործական քարտը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ ջանքերի եւ շոշափելի ֆինանսական ծախսերի իրականացնել կանոնավոր նվիրատվություններ` կատարելով ներդրում մանկատների երեխաների օժանդակության կարեւոր գործում: Բարեգործական ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին փոխանցում է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.3%-ը, ինչպես նաեւ քարտի սպասարկման վարձի 50%-ը: Այս գումարները կվճարվեն բանկի սեփական միջոցներից: Քարտապանները, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան կատարել հավելյալ ամենամսյա նվիրատվություններ` քարտի պատվիրման ժամանակ իրենց կողմից սահմանված չափով:Օրինակ, եթե քարտապանը կատարում է 5 000 դրամ գումարի գնումներVisa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով, բանկի կողմից Հիմնադրամին է փոխանցվում 15 դրամ, 10 000 դրամ գումարի գնումների դեպքում՝ 30 դրամ, 15 000 դրամի դեպքում՝ 45 դրամ եւ այլն: Հավաքագրված միջոցների ծախսման ուղղությունները կսահմանվեն տարեկան մեկ անգամ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի քարտապանների շրջանում անցկացվող հարցման արդյունքների հիման վրա: Նվիրաբերված միջոցները կուղղվեն այն ծրագրերին, որոնք կստանան քարտապանների ձայների մեծամասնությունը: Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը կարող է օգտագործվել որպես աշխատավարձային քարտ, որը բանկի կողմից իրականացվող աշխատավարձային ծրագրերի շրջանակներում կսպասարկվի անվճար` այս նախաձեռնության շուրջ հնարավորինս շատ անհատների համախմբելու նպատակով: ««ԲԱՐԵՐԱՐ» նախաձեռնությունը բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող միջոցառումների մասն է կազմում եւ թույլ է տալիս ընդլայնել բանկի եւ Հիմնադրամի միջեւ ձեւավորված համագործակցությունը: Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատի դառնալու նվիրատու եւ բարեգործություն անելու` առօրյա վճարումները Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարելու միջոցով: Վստահ եմ, որ մեր շատ հայրենակիցներ, ինչպես նաեւ բանկի եւ Հիմնադրամի աշխատակիցները կմիանան այս բարեգործական ծրագրին: Բանկի անունից շնորհակալություն եմ հայտնում Visa ընկերության մեր գործընկերներին` այս նախաձեռնությունը մեծ ոգեւորությամբ ընդունելու եւ իրականացման ընթացքին աջակցելու համար», - նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը հիանալի հնարավորություն է տալիս անգամ փոքր նվիրատվություններով դառնալ Հիմնադրամի նվիրատու եւ աջակցել մանկատներում բնակվող երեխաների համար մեր կողմից իրականացվող ծրագրերին: Առաջին անգամ Հիմնադրամի եւ Հայաստանի պատմության մեջ մենք հնարավորություն ունենք կիրառել բարեգործություն կատարելու այսպիսի հարմար եւ ժամանակակից միջոց: Մեզ համար կարեւոր է նաև այն, որ նախաձեռնությանը միանալու հնարավորություն են ստանում ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր դեկտեմբերի 1-ից սկսած կարող են քարտը պատվիրել բանկի կայքի միջոցով եւ այն ստանալ Հայաստան ժամանելուն պես: Սա նաեւ ուղերձ է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպություններին ու անհատներին` միավորելու իրենց ջանքերը մանկատների երեխաների կյանքը փոխելու նպատակով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ եւ կգործեն մեզ հետ ձեռք ձեռքի», - իր հերթին նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:Visa ընկերության Կովկասյան տարածաշրջանի ռեգիոնալ մենեջեր Իրինա Կամխաձեն նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում առաջին անգամ թողարկել բարեգործական ծրագրով Visa քարտ: Visa քարտերը նվիրատվություն կատարելու նոր եղանակ են, որոնք բնակչության առավել լայն զանգվածներին առաջարկում են բարեգործություն կատարելու առավել արագ եւ հարմար մեխանիզմներ: Քարտի անվանումը խորհրդանշական է, եւ մենք հավատում ենք, որ «Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը կնպաստի բարեգործության մշակույթի ամրապնդմանը Հայաստանում և կօգնի հանրության միասնական ջանքերն ուղղել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»: Tweet Դիտում՝ 4213