Երեւան/Մեդիամաքս/. Բիզնեսի վարման համար լավագույն երկրների Forbes-ի կազմած ամենամյա ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը: 141 երկրների մեջ առաջին տեղը զբաղեցրել է Նոր Զելանդիան, երկրորդ տեղում՝ Դանիան, երրորդը՝ Հոնկոնգը: Առաջին տասնյակում են նաեւ Սինգապուրը, Կանադան, Իռլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ն հայտնվել է 12-րդ, Ֆրանսիան՝ 20-րդ, Գերմանիան՝ 21-րդ տեղերում:Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ամենալավ ցուցանիշները Մերձբալթյան երկրների մոտ են. Էստոնիան զբաղեցրել է 22-րդ, Լիտվան՝ 35-րդ, Լատվիան՝ 40-րդ տեղերը:Այնուհետեւ ցանկում նշված են Վրաստանը (50), Ղազախստանը (70), Ադրբեջանը (73), Մոլդովան (92), Ուկրաինան (104), Ռուսաստանը (105) , Տաջիկստանը (111), Ղրղզստանը (124) :Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել հետեւյալ չափանիշները. քաղաքացիների անձնական ազատությունների մակարդակը, ներդրումների եւ սեփականության իրավունքի պաշտպանվածության աստիճանը, գների կայունությունը, ծառայությունների եւ ապրանքների արտահանման եւ ներմուծման համար խոչընդոտների առկայությունը, տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակը, բիզնեսի վրա բյուրոկրատական ապարատի ազդեցության աստիճանը եւ հարկային բեռը, բաժնետոմսերի շուկայի վիճակը:Վարկանիշի հիմքում ընկած են Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական համաժողովի, ԿՀՎ-ի եւ Freedom House, Heritage Foundation, Transparency International կազմակերպությունների զեկույցները: Tweet Դիտում՝ 4979