Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այսօր ծանոթացել է «Լիկվոր» դեղագործական ընկերության արտադրական գործընթացներին եւ զարգացման ծրագրերին: «Լիկվոր» դեղագործական ընկերությանը պետական աջակցություն է տրամադրվել երկու ուղղությամբ՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային օպերատիվ շտաբի (2009թ.) 860 մլն դրամ վարկավորմամբ՝ տրամադրված «ՓՄՁ ներդրումներ ՈւՎԿ»-ի կողմից , եւ ՀՀ կառավարության 2011թ. համապատասխան որոշմամբ` ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերության կողմից ներմուծվող ապրանքների հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի 3 տարով երկարաձգմամբ:Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը` կառուցելով մոտ 3200 ք.մ. մակերեսով նոր գործարան` հագեցած դեղագործական արտադրության համար ժամանակակից սարքավորումներով, որը շահագործման է հանձնվել 2011թ. հոկտեմբերին: Գործարանի կառուցման ու նոր սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ $5 մլն: Արտադրությունը հագեցած է իտալական, ավստրիական եւ գերմանական տեխնոլոգիաներով: Մոտակա ամիսներին ընկերությունը կավարտի միջազգային GMP հավաստագիր ստանալու գործընթացը: Նոր գործարանը տարածաշրջանում առաջինը կգործի եվրոպական GMP ստանդարտների պահանջներին համապատասխան, ինչը, հաշվի առնելով գործարանի արտադրական հզորությունների ներուժը` եռապատկելու ներկայիս արտադրական ծավալները, հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, դուրս գալ նոր արտահանման շուկաներ, ավելացնել արտադրանքի ծավալների եւ աշխատատեղերի քանակը:1991թ. հիմնադրված ընկերությունն իրականացնում է ներերակային (կաթիլային)` 100-3000մլ տարողությամբ, ներարկման` 1-20մլ տարողությամբ եւ ակնաբուժական ստերիլ դեղամիջոցների արտադրություն` 5 եւ 10մլ տարողությամբ, որի անվանացանկը պարունակում է մոտ 60 անուն դեղորայք եւ ընդգրկում շուրջ 30 դեղագիտական խմբեր: 2012թ. 9 ամիսների արդյունքներով ընկերության մասնաբաժինը կազմում է Հայաստանում արտադրված դեղամիջոցների ծավալի 37%-ը, իսկ արտահանված դեղորայքինը` 38%-ը: 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գործարանի արտադրանքի ծավալը կազմել է 1.05 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 18.8%, որից արտահանվել է 0.56 մլրդ դրամի արտադրանք` աճը 37.1%: Ընկերության արտադրանքի մոտ 53%-ն արտահանվում է Վրաստան, Ռուսաստան, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկիստան, Թուրքմենստան եւ այլ երկրներ:Գործարանի շահագործման պահից՝ 2011թ. հոկտեմբերից մինչ օրս ստեղծվել է 40 նոր աշխատատեղ: Ներկայում ընկերությունում աշխատում է 124 մարդ` 175 հազար դրամ միջին աշխատավարձով:Ընդհանուր առմամբ, 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 2.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով մոտ 5.3%-ով:Նույն ժամանակահատվածում իրացվել է մոտ 2.64 մլրդ դրամի արտադրանք (աճը` 12.3%), որից արտահանվել է շուրջ 1.32 մլրդ դրամի արտադրանք (աճը` 31.1%): Tweet Դիտում՝ 2738