Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիա» խորհրդատվական ընկերության կատարած արագ սպառման ապրանքների շուկայի սպառողների նախասիրությունների ուսումնասիրության համաձայն, 2012-ին Երեւանում սուպերմարկետների ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 476 մլրդ դրամ, որը 2015-ին կհասնի մինչ 660 մլրդ դրամի: Արագ սպառման ապրանքներ շուկայի պահանջարկի տեսանկյունից սպառողների նախասիրությունը Երեւանում ուսումնասիրությանը մասնակցել են 18-ից բարձր տարիքային խմբի 1026 քաղաքացիներ: Հարցման վստահության միջակայքը 95 տոկոս է, թույլատրելի սխալի չափը` 3.06: «Սա մեր առաջին ներկայացումն է, որը վերաբերվում է տարբեր սեկտորների վերլուծություններին եւ օգնելու է գործարարներին, ներդրողներին, ֆինանսական եւ պետական կարգավորիչներին ճիշտ իրականացնել իրենց զարգացման ծրագրերը»,- ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա փոխանցմամբ, ուսումնասիրությունը հետաքրքիր գործիք կարող է լինել հատկապես ներդրողների համար: «Վերլուծության համաձայն, ի տարբերություն Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ շատ երկրների, Հայաստանում այս շուկան կայուն աճ ունի` չնայած ճգնաժամին», - ասել է Տիգրան Ջրբաշյանը:Ուսումնասիրությունն ընդգրկում է գնումներ կատարողների սեռատարիքային մասնաբաժինը, սպասարկման որակի գնահատումն ըստ սեռի, գին-որակ ցուցանիշի գնահատումը, հաճախորդների բնութագիրը, մանրածախ առեւտրում հաճախորդների հոսքը, սուպերմարկետների հաճախելիությունը, սուպերմարկետների ընտրությունն ըստ հաճախորդի բնակության վայրի, ապրանքատեսականին, զեղչային բոնուսային քարտերի կարեւորությունը եւ այլն:Ուսումնասիրության համաձայն, սպառողի համար նախ կարեւոր է առաջարկվող ապրանքի եւ սպասարկման որակը, հետո` գինը: «Նման արդյունք կա նաեւ Արևելյան Եվրոպայի երկրներում»,- նշել է Տիգրան Ջրբաշյանը:Հետազոտության ամբողջական արդյունքները կարելի է ձեռք բերել «Ամերիա» ՓԲԸ-ից. արժեքը 490.000 ՀՀ դրամ է, ներառյալ ԱԱՀ-ն: Հաջորդ ուսումնասիրությունը ընկերությունը ծրագրում է ներկայացվել դեկտեմբեր ամսին`հյուրանոցային բիզնեսի վերաբերյալ, որը կընդգրկի Երեւանի սահմաններից դուրս գտնվող հյուրանոցներ եւս: Tweet Դիտում՝ 9877