Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի նախաձեռնությամբ մեկնարկել է «ԱՊՀ դրամական փոխանցումներ. Զարգացման հեռանկարներ, նոր միտումներ եւ տեխնոլոգիաներ» թեմայով համաժողովը: Հանդես գալով համաժողովի բացմանը` Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանն ասել է, որ միջոցառման գլխավոր նպատակն է համախմբել շուկայի ամենակարեւոր մասնակիցներին եւ քննարկել դրա զարգացման հեռանկարները: Համաժողովի բացմանը մասնակցած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է դրամական փոխանցումների ոլորտի կարգավորման ճկուն եւ, միեւնույն ժամանակ, մանրակրկիտ մեխանիզմները, «քանի որ ոլորտն անընդհատ համալրվում է նոր տեխնոլոգիական լուծումներով, եւ կարգավորումն այստեղ չպետք է խոչընդոտի զարգացմանը»:«2013-ը Հայաստանի համար բեկումնային տարի կդառնա բիզնեսի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից. գրեթե 60 000 տնտեսվարող սուբյեկտներ Հայաստանում կանցնեն էլեկտրոնային հարկային հաշվետվությունների եւ էլեկտրոնային ստորագրություն ձեռք կբերեն: Դա էլեկտրոնային բանկինգի եւ Հայաստանում գործող դրամական փոխանցումների համակարգերի ծառայությունների դիվերսիֆիկացման համար նոր հնարավորություններ է ստեղծում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը նշել է Հայաստանում դրամական փոխանցումների համակարգերի կայուն աշխատանքի եւ զարգացման կարեւորությունը` հաշվի առնելով, որ դեպի Հայաստան դրամական փոխանցումների եւ երկրի ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմում է շուրջ 18%:«Համաժողովի աշխատանքի ընթացքում կդիտարկվեն օրենսդրական կարգավորումը, բանկային վերահսկողությունը, այդ թվում, նաեւ տեղական օրենսդրությունների յուրահատկությունները, ինչպես նաեւ թափանցիկ ու արդյունավետ շուկայի խրախուսման գործիքներին վերաբերող հարցերը: Առանձին թեմա կլինի նոր տեխնոլոգիաների առաջմղումը եւ դրանց կիրառումը ոլորտում», - նշել է Յունիստրիմի նախագահ Սուրեն Հայրիյանը:Այսօրվա համաժողի թեմային վերաբերող Սուրեն Հայրիյանի հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 6255