Երեւան/Մեդիամաքս/. Doing Business-ում Հայաստանի վարկանիշի թռիչքը կանխատեսելի էր, որովհետեւ անցյալ տարի վերլուծությունն արվել էր մի շարք բարեփոխումներից ավելի շուտ, եւ դրանք ամբողջությամբ չէին արտացոլվել 2012թ. զեկույցում, այսօր ասել է Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Հայաստանն այսօր հրապարակված Doing Business 2013 զեկույցում առաջադիմել է 18 կետով եւ զբաղեցրել 32-րդ հորիզոնականը 185 երկրների թվում:«Չեմ կարող ասել, որ այս տարի իրականացվել է որեւէ լայնածավալ բարեփոխում, հիմնական էֆեկտը ժամկետներն էին: Այնուամենայնիվ, Հայաստանի այս թռիչքը Doing Business-ի պատմության ընթացքում լավագույններից է, եւ կարծում եմ, այն դրական կանդրադառնա երկրի միջազգային վարկանիշի վրա»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը:Զեկույցում Հայաստանի վարկանիշը կանխորոշող ենթավարկանիշներից մեկի՝ վարկերի հասանելիության գծով 2 կետով նվազումը (40-րդ տեղ) Տիգրան Ջրբաշյանը բացատրել է մոնետար քաղաքականության խստացմամբ:«Անորոշությունը միջազգային շուկաներում բերել է ՀՀ արտահանման ծավալների որոշակի կրճատման եւ, որպես հետեւանք, սեպտեմբերին տնտեսական ակտիվության նվազման: Դա պահանջում է քաղաքական քայլեր՝ ակտիվությունը պահպանելու ուղղությամբ, այդ պատճառով մենք ակնկալում ենք մոտ ապագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշակի իջեցում, ինչը կհեշտացնի վարկավորումը»,- ասել է Ամերիաբանկի զարգացման տնօրենը: Tweet Դիտում՝ 1975