Բնակչության 42.3%-ը ամենօրյա գնումների համար հաճախում է սուպերմարկետ

02.10.2012 | 04:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Բնակչության 42.3%-ը ամենօրյա գնումների համար հաճախում է սուպերմարկետ, իսկ 41%-ը նույն հաճախականությամբ օգտվում է փոքր խանութներից:

Այդ մասին է վկայում «Ամերիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված հետազոտությունը:

Ընկերությունը հետազոտություններ է սկսել է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում, որը, ըստ Ամերիա-ի, կարող է օգտակար լինել մանրածախ/մեծածախ առեւտրի ոլորտի ներկայացուցիչներին` իրենց բիզնեսն առավել արդյունավետ կազմակերպելու, թույլ եւ ուժեղ կողմերը գնահատելու, բնակչության պահանջմունքները լավագույն ձեւով ընկալելու համար: «Հետազոտությունը կարող է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել նաեւ բանկերին եւ այլ ֆինանսական հաստատություններին, պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, առանձին հետազոտողներին եւ գիտնականներին»,- հայտնել են ընկերությունում:

Առաջին հետազոտությունն իրականացվել է Երեւանում սննդամթերքի եւ արագ սպառման այլ ապրանքների մանրածախ առեւտրի, բնակչության նախասիրությունների, կատարվող ծախսերի վերաբերյալ, միաժամանակ տրվել են գնահատականներ ըստ սուպերմարկետների եւ այլ առեւտրի կետերի:

Համաձայն հետազոտության արդյունքների` սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի եւ տնտեսական ապրանքների շուկայում սուպերմարկետների տեսակարար կշիռը գնահատվել է մոտ 39%, ընդ որում՝ միայն  30%-ը կազմում են Երեւան քաղաքի 4 հիմնական սուպերմարկետները: Հատկանշական է, որ սուպերմարկետներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Երեւանում ալկոհոլային խմիչքների ձեռքբերման շուկայում, նրանց բաժին է ընկնում այդ շուկայի 63.1%-ը: Ըստ ապրանքատեսակների դիտարկելիս՝ գյուղատնտեսական շուկաները հիմնականում օգտագործվում են մրգի եւ բանջարեղենի գնումների համար, որոնց բաժին է ընկնում այս ապրանքատեսակների մանրածախ առեւտրի ամբողջ ծավալի 28%-ը: Հացը եւ ծխախոտը հիմնականում վաճառվում են փոքր խանութներում, որոնց բաժին է ընկնում այդ ապրանքատեսակների համապատասխանաբար 30.3%-ը եւ 29.7%-ը:

«Արագ սպառման ապրանքների շուկայում մրցակցությունը կենտրոնանում է հիմնականում ցանցային սուպերմարկետների սեգմենտում: Այդ առումով հետաքրքիր է, որ ցանցային մանրածախ առեւտրի օբյեկտների ի հայտ գալը նաեւ էական փոփոխություններ առաջացրեց բնակչության կողմից գնումների մշակույթում եւ սպառման վարքագծում: Դա մի կողմից կարող է դրական ազդեցություն ունենալ սպառողների շահերի տեսանկյունից` ապրանքների որակ, թարմություն, պահպանման պայմաններ, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայր եւ այլն, մյուս կողմից կարող է ազդել սպառողական ապրանքների գնաճի վրա», - նշել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը:

Հետազոտության արդյունքներն առավել խորությամբ եւ արդեն ըստ համապատասխան առեւտրի կետերի կներկայացվեն մոտ ապագայում նախատեսվող կլոր սեղանի քննարկման ընթացքում, որին կմասնակցեն ոլորտի խոշորագույն ընկերությունները, ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչները, ոլորտի փորձագետները եւ այլն:

Դիտում՝ 4222
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW