Երեւան: Մեդիամաքս: Գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա ընտանիքի նախաձեռնած ծրագրերը միավորող “RVVZ” հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Արտակ Մելքոնյանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հիմնադրամի զարգացման դեպարտամենտի տնօրեն Զարմինե Զեյթունցյանը, այսօր ներկայացնելով Արտակ Մելքոնյանին, ասել է, որ նա միջազգային բիզնեսի զարգացման, շուկաների ընդլայնման, բրենդինգի եւ կրթական ոլորտի կառավարման 20-ամյա փորձ ունի:Զարմինե Զեյթունցյանը տեղեկացրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում նա զբաղեցրել է Dun & Bradstreet միջազգային ընկերության ֆինանսական ենթակառուցվածքների գծով փոխնախագահի պաշտոնը:Արտակ Մելքոնյանն էլ իր հերթին նշել է, որ հիմնադրամը շարունակելու է գործունեությունը Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղությամբ: “Ի տարբերություն այլ բարեգործական ծրագրերի, մեր սոցիալական ուղղվածության ծրագրերի արդյունքներն ավելի ուշ են տեսանելի դառնում, սակայն բազմակի մեծ են լինում: Հիմնադրամը փորձում է մեկ ծրագրի շուրջ համախմբել կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքներին, այլ գործարարների, ֆինանսական դոնորների եւ բարեգործների”,- ասել է նա:Գործադիր տնօրենի խոսքերով, հաջողված ծրագրի օրինակ է “Տաթեւեր” ճոպանուղու կառուցումն ու “Տաթեւի դարպասներ” զբոսաշրջային գոտու զարգացումը:“Օրական Տաթեւ են այցելում 300-900 զբոսաշրջիկներ: Երկու տարվա ընթացքում զբոսաշրջային գոտին տեսանելի զարգացում է ունեցել` ավելացել են սննդի, հանգստի, հուշանվերների վաճառքի կետերը, հյուրանոցների թիվը 3-ից հասել է 14-ի”,- ասել է նա:Արտակ Մելքոնյանը նաեւ տեղեկացրել է, որ զբոսաշրջության շնորհիվ շահույթի վերածվող գումարները հիմնադրամն ուղղում է Տաթեւի վանական համալիրի վերականգնմանը: Tweet Դիտում՝ 9240