Երեւան/Մեդիամաքս/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր տնտեսվարողներին կոչ է արել ապրանքը գովազդելիս լինել զուսպ եւ խուսափել այլ տնտեսվարողի արտադրանքին վնաս պատճառող որակումներից:Հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում գովազդային շուկայում՝ բացառելու այնպիսի գովազդների տարածումը, որոնք պարունակում են անհարկի համեմատություններ կամ որակումներ՝ նույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների հանդեպ, հայտնել են ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում:«Օրենքն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որը վերաբերում է այլ տնտեսվարողների դիրքի եւ նրանց արտադրած ապրանքների համեմատություններին: Այլ կերպ ասած, տնտեսվարողը իրավունք ունի իր արտադրանքի վերաբերյալ սպառողին ներկայացնելու հավաստի տեղեկատվություն, սակայն իրավասու չէ նշելու, որ իր արտադրանքն օրինակ՝ «եզակի է», «ամենալավն է», «համար առաջինն է», «նմանը չունի» եւ այլն», - ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանձնաժողովի այսօրվա նիստին: Նման գովազդի համար այսօր հանձնաժողովը զգուշացրել է քարեր ներմուծող «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ընկերությանը: ՏՄՊՊՀ-ը մոնիտորինգ է իրականացնում նաեւ խանութների զեղչային քաղաքականության նկատմամբ եւ, մասնավորապես, հայտնաբերել է, որ «Մանգո» խանութների ցանցում, որտեղ ցուցափեղկին նշված է եղել 50 % զեղչ՝ ամբողջ տեսականու համար, նման զեղչը վերաբերում է միայն ապրանքատեսականու մի մասին: Խանութների ցանցը եւս նախազգուշացվել է հանձնաժողովի կողմից: Tweet Դիտում՝ 2048