Եվրոթերմը «հերյուրանք» է անվանել աշխատավարձ չվճարելու մասին տեղեկատվությունը

17.08.2012 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Եվրոթերմ» ՓԲԸ-ն հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ ընկերության «Նոյան» գործարանի  աշխատակիցներին ամիսներ շարունակ աշխատավարձ չի վճարվում:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ 16.08.12թ. «Հրապարակ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ մի քանի ամիս է՝ «Նոյան» գործարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, ինչպես նաեւ, որ գործարանում սկսվել են կադրային կրճատումներ, ուղղակի հերյուրանք է։ Մեր խորին համոզմամբ, թերթի խմբագրությունը պարտավոր էր վերստուգել ստացված տեղեկատվությունը եւ միայն դրանից հետո տարածել այն լրատվական աղբյուրներով»,- նշված է «Եվրոթերմ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։

«Եվրոթերմ» ընկերությունը անդրադարձել է նաեւ կայքերից մեկում տեղ գտած  մեկնաբանությանը, թե «Հայաստանի սահմանամերձ գոտում ներդրումներ կատարելու դեպքում ներդրողը ստանում է անվճար աշխատուժ ու ազատվում է հարկային պարտավորություններից»:

«Ինչ վերաբերում է ցինիկաբար արտահայտված այս կարծիքին, որը, ըստ էության,  վերաբերում է Արմավիրի մարզի Վանանդ համայնքում մոտ օրերս շահագործման հանձնվող «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանին, ապա պետք է նշենք, որ այն բերված է բիզնես ոլորտից հեռու եւ դրամական հոսքերից անտեղյակ անձնավորության կողմից: Տպավորություն է ստեղծվում, որ սա ինչ-որ մեկի չար կատակն է՝ ուղղված ընկերության գործունեության դեմ»,- նշված է «Եվրոթերմ» ընկերության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ներկայացված են նաեւ «Եվրոթերմ» ընկերության գործունեությունը բնորոշող հետեւյալ ցուցանիշները.

- 2012թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է  208087.99 հազ. դրամ (2011թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 156654.12 հազ.դրամ);

- 2012թ. հունվար-հունիս ամիսներին «Եվրոթերմ»-ի միջին ցուցակված աշխատակիցների թիվը կազմել է 236, մինչդեռ 2011թ. նույն ժամանակահատվածում ընկերության աշխատակիցների թիվը եղել է 142: Այս տարի ընկերության աշխատակիցների աշխատավարձերը աճել են նվազագույնը 7%-ով;

- 15.08.2012թ.  դրությամբ «Նոյան» գործարանը մթերել է 1 600 հազ. կգ, մոտ 220 մլն դրամ արժողությամբ պտուղ-բանջարեղեն: Մինչեւ մթերման շրջանի ավարտը ընկերությունը նախատեսում է մթերել մոտ 3 000 հազ. կգ  պտուղ-բանջարեղեն;

- մոտ մեկ շաբաթից Արմավիրի մարզի Վանանդ գյուղում կգործարկվի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած $8 մլն արժողությամբ նոր գործարանը՝ օրական 300-350 տոննա միրգ եւ բանջարեղեն մթերելու  հնարավորությամբ։

«Ցավում ենք, որ այս դժվարին պահին, երբ կատարվում են ահռելի ֆինանսական ներդրումներ, սատարելու եւ օբյեկտիվ լուսաբանելու փոխարեն հայ գործարարին հասցնում են  հարված թիկունքից»,- նշված է «Եվրոթերմ» ընկերության հայտարարության մեջ։







Դիտում՝ 3747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW