Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի բնապահպանության նախարար Արմեն Հարությունյանն առաջարկել է Ամուլսարում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Գեոթիմ ընկերությանը իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում տեղի է ունեցել Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումներ:Գեոթիմի բնապահպանության գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը հայտնել է, որ ոսկու հանքի ընդլայնումն ու շահագործումը որեւէ բացասական ազդեցություն չի ունենա Սեւանը սնուցող ջրերի որակի եւ Ջերմուկ քաղաքի, այդ թվում՝ հանքային ջրերի վրա: Սակայն բնապահպանների կողմից մտահոգություններ են հնչել վերոհիշյալ հարցերի, տարածքի բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության եւ այլ հարցերի շուրջ: «Հաշվի առնելով Սեւանա լճի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի պահպանության հարցերը` առաջարկում ենք Գեոթիմին իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն», - ասել է նախարարը: Արմեն Հարությունյանը հանձնարարել է նաեւ հանքի շահագործման ընթացքում շրջակա տարածքներում կազմակերպել Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի որակի եւ շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ: Նախագծի և նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների դիտողությունների, հարցադրումների առաջարկությունների և մտահոգությունների վերաբերյալ «Էկո Աուդիտ» ՍՊԸ-ի պատասխանները տեղադրված են ՀՀ բնապահպանության նախարարության եւ Գեոթիմիվեբկայքերում: Tweet Դիտում՝ 1462