Երեւան: Մեդիամաքս: Երեւանում վերաբացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Ազատության պողոտայում գտնվող «Արաբկիր» մասնաճյուղը, որը ս.թ. ապրիլի 14-ից վերանորոգվում էր:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով սրահի բացման արարողությանը, բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն ասել է, որ սրահի ինտերյերը համապատասխանեցվել է ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին եւ ենթարկվել է տեխնիկական վերազինման՝ հաճախորդների սպասարկումը դյուրացնելու համար: «Մասնաճյուղում ներդրվել է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության եւ պրոդուկտի, եւ, ամենակարեւորը, սա Հայաստանում առաջին բանկն է, որը հաճախորդներին տրամադրում է 24-ժամյա ծառայություն ամենատարածված բանկային գործարքների մասով», - ասել է Արտակ Խաչատրյանը, պարզաբանելով, որ մասնաճյուղում տեղադրված բանկոմատի միջոցով, ի թիվս այլ ծառայությունների, կարելի է կատարել հաշվից հաշիվ փոխանցումներ եւ կոմունալ վճարումներ իրականացնել, ինչպես նաեւ TelCell ընկերության հետ համատեղ ներդրվել է տերմինալ, որը կարող է օգտագործվել հաճախորդների հաշիվների համալրման եւ վարկերի մարման համար: TelCell ընկերության տնօրեն Արամ Ազատյանն իր հերթին նշել է, որ ՎՏԲ-Հայաստանը դարձել է առաջին հայկական բանկը, որն անցել է մի շարք գործարքների ինքնասպասարկման ռեժիմին` TelCell պրոցեսինգային կենտրոնին միացված վճարային տերմինալների միջոցով, ինչի շնորհիվ բանկի աշխատակիցները կկենտրոնանան հաճախորդներին առավել բարդ եւ մասնագիտական սպասարկման վրա:Մինչեւ տարեվերջ բանկը նախատեսում է իր երեւանյան եւ մարզային եւս մի շարք մասնաճյուղերի նմանատիպ ռեֆորմատ: Tweet Դիտում՝ 6812