Երեւան: Մեդիամաքս: Իդրամ վճարահաշվարկային համակարգը, որն այս տարվա մարտին ստացել է էլեկտրոնային փողերի թողարկման առաջին լիցենզիան Հայաստանում, այսօր Երեւանում շնորհանդես էր կազմակերպել՝ ներկայացնելով էլ. փողի կիրառման առավելությունները:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը նշել է, որ Իդրամը հետեւողականորեն ավելացնելու է Հայաստանում էլեկտրոնային փողերի կիրառման ոլորտները, որպեսզի հաճախորդները, գրանցվելով www.idram.am համակարգում եւ էլ. փողերով վճարումներ իրականացնելով՝ խնայեն ժամանակ եւ ավելացնեն իրենց «ապրելաժամերը»:Շնորհանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացրել է մի շարք նորամուծություններ, մասնավորապես, էլ. փողով ավիատոմսերի գնման հնարավորություն, երբ հաճախորդը հեռախոսով պատվիրում է ավիատոմս եւ, ստանալով պատվերի համարը, վճարում առցանց, ինչպես նաեւ App Store-ում եւ Android Market-ում մոտ օրերս տեղադրվելիք Idram հավելվածը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: Ներկայացվել է նաեւ Իդրամի եւ Պրոմեթեյ բանկի MasterCard Standard քո-բրենդային վճարային քարտը, որը հնարավորություն է տալիս կանխիկացնել էլեկտրոնային դրամական միավորները եւ անկանխիկ վճարումներ իրականացնել: Այսօրվա դրությամբ էլեկտրոնային փողով Հայաստանում հնարավոր է իրականացնել կոմունալ վճարումներ, կատարել փոխանցումներ, վճարել հարկեր եւ տուրքեր, իրականացնել էլեկտրոնային առեւտուր եւ այլն: Tweet Դիտում՝ 3127